Ադիս Աբեբայից` Լոնդոն. ծագումով հայ ժամագործների ընտանիքի ոդիսականը

Ալմաստի աշխարհի ամենահին գործարանի, նուրբ զարդեր ու ժամացույցներ մատակարարող Backes & Strauss ընկերության գլխավոր տնօրեն` արմատներով հայ Վարդգես Քնաջյանի ընտանիքի ու հաջողությունների մասին քչերս գիտենք: 1960-ական թվականներին, Եթովպիայի Հայլ Սելասսիեի կայսերական իշխանության վերջին տարիներին, պատանի Վարդգես Քնաջյանը երբեմն ընկերակցում էր իր հորը կայսերական պալատում պաշտոնական հանդիպումների ժամանակ:
Որպես պաշտոնական ժամագործ և արքունիքի մատակարար` Անդրանիկ Քնաջյանը ուներ բացառիկ մուտքի իրավունք կայսեր մոտ, որը համարվում էր բիբլիական Սողոմոն թագավորից սերված, և մինչ օրս երկրպագվում է որպես Աստծո մարմնացում Ռաստաֆարիի հավատքում: «Կայսրը թուլություն ուներ ժամացույցների նկատմամբ»,- վերհիշում է կրտսեր Քնաջյանը: «Քանի որ հայրս նրա ամենասիրելիներից մեկի մատակարարն էր, միշտ սպասված հյուր էր պալատում»,-Ankakh.com-ի փոխանցմամբ՝ պատմում է Քնաջյանը:
Ծնված լինելով 1915 թվականին Եթովպիայի հայ գաղթականների ընտանիքում` ավագ Քնաջյանը ժամանեց Ժնև Երկրորդ Համաշխարհային պատերազմի նախօրեին և ավարտեց դպրոցը 1941 թվականին: Որոշելով վերադառնալ Ադդիս Աբեբա`նա նստեց Ջիբութի գնացող մի նավ, որպեսզի երկու տարով հաստատվի Մադագասկարում մինչև պատերազմի ավարտը:
Շուտով, երբ նա վերջապես վերադարձավ տուն, կայսրը կանչեց նրան պալատ և խրախուսեց նրան իր բնատուր տաղանդի համար: Նրա ծառայությունը արքունիքում տևեց մոտ 30 տարի և ավարտվեց միայն այն ժամանակ, երբ 1974 թվականին Սելասսիեն գահընկեց եղավ մարքսիստական հեղաշրջումից հետո:
Այնուհետև Վարդգեսը Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի ուսանող եղած ժամանակ չկարողացավ վերադառնալ Եթովպիա, քանի որ ապստամբությունը տարել էր նրա ծնողներին Կանադա: Ընկերոջ խորհրդով նա դիմեց 1814-ից Լոնդոնում հիմնված Backes & Strauss ադամանդի գործարան:
2002-ին` հոր մահից հետո, կրսեր Քնաջյանը գնեց ընկերության ակցիաների մեծ մասը: Այնուհետև նա փնտրեց և գտավ իր գործընկեր Վարդան Սիրմակեսին, որը Ժնևում Franck Muller Group ընկերության գլխավոր գործադիր տնօրենն էր: Նրանք միասին ստեղծեցին ադամանդեպատ Backes & Strauss ժամացույցների հավաքածուն, որը շուկա մտավ 2006-ի նոյեմբերին:
Այսօր Backes & Strauss-ը հայտնի է որպես բարձրորակ ադամանդ, նրբաճաշակ զարդեր արտադրող ընկերություն, որը համագործակցում է շվեյցարական հայտնի Ֆրանկ Մուլլեր ընկերության հետ: Վարդգես Քնաջյանը նաև Հայ ոսկերիչների միության անդամ է:
Խոսելով հայ ոսկերչության զարգացման հեռանկարների մասին` Քնաջյանը ելքը տեսնում է ՀՀ կառավարության և ոսկերիչների միահամուռ աշխատանքի մեջ: