Մանկավարժական խորհրդի նիստ՝ Վեստերֆորդի Նոր Այգ դպրոցում

Միացյալ Հայերը Հոլանդիայում (VAN) կայք էջի փոխանցմամբ՝ Վեստերֆորդի Նոր Այգ դպրոցում տեղի ունեցավ Նիդերլանդների Թագավորության Հայկական մեկօրյա դպրոցների Հարթակի մանկավարժական խորհրդի նիստը: «Մեր Հայրենիք» թեմայի ամփոփումը ներկայացրեցին Նոր Այգ դպրոցի ուսուցչուհի Նինա Հովհաննիսյանն ու Ալմելոյի Ս.Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Լալա Շահինյանը:
Քննարկումներն անցան բավականին աշխույժ ու բովանդակալից: Հարթակի մանկավարժները խոսեցին ու միմյանց տեղեկություններ հաղորդեցին Հայաստանի Հանրապետության ԿԳՆ և Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող ծրագրերի մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնակցել միմյանց դպրոցական միջոցառումներին, փոխադարձ դասալսումների կազմակերպմանը, աշխատանքային փորձի փոխանակմանը, կարևոր անցուդարձի մասին տեղեկություների փոխանակմանը Հարթակի Ֆեյսբուքյան էջում: