Սիրիայում հիվանդանոցների և դպրոցների վրա օդային գրոհների հետևանքով կա 50 զոհ

ՄԱԿ-ի տվյալներով՝ առնվազն 50 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսում բժշկական հաստատությունների և դպրոցների վրա օդային հարձակումների հետևանքով: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, հայտնում է BBC News-ը:

Հարձակումներից մեկի թիրախը եղել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը, շենքի փլուզումը 7 հոգու մահվան պատճառ է դարձել: Առնվազն 12 մարդ էլ զոհվել է Ազազ շրջանում հրթիռակոծությունների հետևանքով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը միջազգային օրենքների կոպիտ խախտում է որակել այդ հարձակումները, որոնք տեղի են ունեցել գերտերությունների՝  հրադադարի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելուց հետո: ՄԱԿ-ը չի նշում թե ով է պատասխանատու այս օդային հարվածների համար, բայց իր մտահոգությունն է հայտնում վերջին իրադարձությունների հետ կապված:

Նշենք, որ սիրիական պատերազմի հետևանքով 5 տարիների ընթացքում ավելի քան 250.000 մարդ է զոհվել, ավելի քան 11 միլիոն մարդ էլ դարձել է գաղթական:

Scroll Up