Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման կողմերի համար ընդունելի ձևաչափն է. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետդեպարտամենտն անպատասխան է թողել ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկի չընդունման հարցում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի մասնակցության վերաբերյալ ադրբեջանական կողմի հարցումը, հայտնում է «Արմենպրեսը»:
Ադրբեջանական Contact.az-ի հաղորդմամբ` ադրբեջանական «Թուրան» գործակալությունը «Ամերիկայի ձայն»-ի հետ համատեղ հարցում էր ուղարկել ԱՄՆ պետդեպ, որտեղ Նուլանդի հասցեին մեղադրանքներ էին հնչեցված ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևի տապալման առնչությամբ:
Ի պատասխան հարցմանը՝ ԱՄՆ պետդեպից հայտնել են, որ հարգում են Լեռնային Ղարաբաղի մասին տարածաշրջանային կամ միջազգային կազմակերպություններում հարց բարձրացնելու Ադրբեջանի իրավունքը: «Մինսկի խումբը բանակցությունների համար կողմերի ընդունած միակ ձևաչափն է: Մենք հուսով ենք, որ կողմերը ամբողջությամբ նվիրված կլինեն խաղաղ կարգավորմանը և կշարունակեն համագործակցել համանախագահների հետ»,- ասվում է պետդեպի պատասխանում:
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հարցազրույցում հայտարարել էր, որ Վիկտորիա Նուլանդի դերը մեծ է ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի տապալման հարցում:
Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ դեսպանատանը հանձնարարել էր քննել կատարվածը: