Հայոց լեզվի վերապատրաստման դասընթացներ՝ Շարժայի հայկական վարժարանում
Հունվարի 29-ից փետրվարի 6-ը ԱՄԷ-ում էր գրականագետ, բանասեր Հակոբ Չոլաքյանը: Վերջինս Շարժայի «Օհաննեսէան» հայկական մեկօրյա վարժարանի մոտ 30 ուսուցիչների համար հայոց լեզի վերապատրաստման դասընթացներ է անցկացրել:
«Հայերն այսօրի» հետ զրույցում Հակոբ Չոլաքյանն ասաց, որ ամենօրյա դասընթաների ժամանակ լեզվական, մեթոդական, շարահյուսական և քերականական հարցերին առնչվող դասախոսություններ է կարդացել, որոնք երեք ժամից ավելի են տևել:
«Կարևորում եմ նման հանդիպումները, քանի որ այն սփյուռքահայ ուսուցիչներին շատ է ոգևորում, անտեսված չեն զգում իրենց և ամենակարևորը՝ աշխատանքի հանդեպ հույսով է լցնում:Դասընթացներն անցան բարձր մակարդակով, ուսուցիչները պատրաստակամությամբ էին մասնակցում:Ես ջերմ ընդունելության արժանացա, և կարող եմ փաստել, որ այցելությունս արդյունավետ էր: Ի դեպ, առաջին անգամը չէր, որ նույն առաքելությամբ այնտեղ էի գտնվում»,-նշեց Հակոբ Չոլաքյանը:
Հակոբ Չոլաքյանը հավելեց, որ ուսուցիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունեն, սակայն նվիրված են իրենց գործին, փորձում են հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել և լավ տիրապետել հայերենին: Նրանց մտահոգությունն է, որ կրթօջախն ամենօրյա վարժարան դառնա, որի շնորհիվ էլ տեղի հայ երեխաները հնարավորություն կունենան ավելի լավ տիրապետելու հայերենին և օտար դպրոցներ չեն հաճախի: