Բարությունը կփրկի աշխարհը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/բարություն.jpg)
Ասում են՝ բարեգործությունը եռանկյան նման երեք գագաթ ունի միայն՝ նա, ով անշահախնդիր օգնում է և չի սպասում գնահատանքի, նա, ով օգնության անսահման կարիք ունի և հուսահատությունից կորցրել է գլուխը, մեկ էլ՝ Աստված, որ տեսնում է այդ ամենն ու գնահատում։
Ես գիտեմ, որ Ղազախստանի Օրալ (ՈՒրալսկ) քաղաքում ապրող Ալեքսանդր Սերգեյի Մաթևոսյանը չի սպասում իմ շնորհակալությանը, նա այդպես է վարվել, որովհետև մարդու այդ տեսակն է, որը չի կարող անտարբեր անցնել օգնության կարոտ իր հայրենակցի կողքով, բայց ես իմ պարտքն եմ համարում պատմել այդ մասին և գոնե օրեր անց մարդուն շնորհակալություն ասել ծախսած գումարի, գործադրած ջանքերի, սրտացավ ու բարի վերաբերմունքի համար։
Հավանաբար, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը, ում օգնության ձեռք է մեկնել մեր հայրենակիցը՝ Սաշա Մաթևոսյանը, և շատ են նրան երախտագիտությամբ հիշողները, բայց ինչպես ասում են, ամեն մարդ իր հոգու առաջ է պատասխան տալու։
Այնպես պատահեց, որ արտագնա աշխատանքի որոնումներն ինձ սկզբում տարան Ռուսաստան, հետո Ղազախստան, բայց այստեղ էլ բախտն ինձ չժպտաց։ Ոչ միայն Մխչյանում մնացած ընտանիքիս օգնել չկարողացա, այլև նույնիսկ տունդարձի գումար չունեի։ Սրան էլ գումարվեց նաև այն, որ վիզային ռեժիմի խախտման պատճառով դատարանի որոշմամբ ես պետք է լքեի երկիրը մեկ շաբաթվա ընթացքում։ Գլուխս կորցրել էի։
Հայաստանից օգնություն ակնկալելն անիրատեսական էր. կինս հազիվ էր հասցնում հոգալ երկու երեխաներիս սննդի ու մանկական պարալիչով հիվանդ կրտսերիս դեղորայքի ծախսերը։ Եվ այստեղ մտաբերեցի հայկական համայնքի մասին։ Ակտոբեի «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնի օգնությամբ գտա Ալեքսանդր Մաթևոսյանին, ու նրա հետ էլ եկավ փրկությունը։ Միայն իրեն է հայտնի, թե ինչ արժեցավ ինձ օգնելը, բայց նա ոչ միայն օրինական ճանապարհով լուծեց իմ փաստաթղթային խնդիրները, տոմս գնեց ինձ համար, այլև հոգաց իմ տունդարձի հետ կապված բոլոր խնդիրները, որոնք մեկը մյուսի ետևից ծագում էին ի հեճուկս ինձ. մեկ ավիաչվերթը հետաձգվեց, մեկ պարզվեց, որ ինքնաթիռները Երևան թռչում են միայն շաբաթը մեկ անգամ, մեկ էլ դատարանի որոշման ժամկետն էր լրանում… Մի խոսքով, ես շատ անհանգստություն պատճառեցի իմ հայրենակիցներին, բայց նրանք ոչ միայն չտրտնջացին, այլև ինձ օգնում էին սիրով և հոժարակամ։
Այսօր արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ես տանն եմ, իմ ընտանիքի կողքին, և ամեն անգամ իմ ոդիսականը մտաբերելիս՝ հոգիս լցվում է ջերմությամբ։ Ի՜նչ լավ է, որ աշխարհում կան Ալեքսանդր Մաթևոսյանի, Հայկ և Մհեր Տերտերյանների նման սրտացավ հայեր, որոնք պատրաստ են անշահախնդիր կերպով օգնության ձեռք մեկնել իրենց հայրենակիցներին։ Եվ ուզում ես այդ պահին ասել.
– Տե՛ր Աստված, դու սատար եղի՛ր այս մարդկանց, որովհետև նրանք բարիք են գործում, որովհետև հետևում են քո պատվիրաններին և երես չեն դարձնում նեղության մեջ իրենց ապավինածներից։
Իմ խորին երախտագիտությունն ու լավագույն բարեմաղթանքները Ձեզ։
Հ.Գ. «Հայերն այսօրի» սիրելի՛ աշխատակազմ, ես գիտեմ, որ աշխարհի հայերը կարդում են Ձեր թերթը և դրա միջոցով հաղորդակից դառնում միմյանց ձեռքբերումներին, հոգսերին ու խնդիրներին։ Խնդրում եմ՝ տպագրեք իմ այս նամակը՝ ի նշան երախտագիտության անշահախնդիր ու հայասեր այս մարդկանց հանդեպ։
Արայիկ Միքայելյան,
Մխչյան