Մոսկվայում արցախյան ընկերությունների համար մշտական գործող խանութ-տաղավար է բացվել

Փետրվարի 12-ին Մոսկվա քաղաքում բացվել է Արցախում արտադրվող տարբեր ապրանքատեսակների՝ մշտական գործող խանութ-տաղավար:

«Արցախպրես»-ի հետ զրույցում «Ղարաբաղ կարպետ» ընկերության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով մասնակցել է խանութի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացրեց, որ այն բացվել է Մոսկվայի «Արմենիա» տաղավարում (նախկին՝ ВДНХ, павильон Армения):

 «Մեր ընկերության արտադրանքը ևս ներկայացված է խանութում, և ուրախությամբ պետք է նշեմ, որ բացի «Ղարաբաղ կարպետ»-ից Արցախից ներկայացված են «Արցախբիո», «Արցախֆրուտ», «Արցախբերի», «Էլիտ», «Ռեյփսիդ» և «Կատարո» ընկերությունների արտադրատեսակներն, ինչը կարծում եմ լուրջ ձեռբերում է՝ արցախյան արտադրանքը իրացնելու համար»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ առիթով իր երախտագիտությունն է հայտնում ԼՂՀ կառավարությանը, քանի որ ծրագիրը իրականություն է դարձել պետական աջակցության շնորհիվ:

Խանութ-տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ հասարակական գործիչներ, հայազգի գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Scroll Up