Մյունխենում հայ դիվանագետը «նեղն է գցել» Ադրբեջանի նախագահին

Այս տարի Մյունխենյան ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ «Կլիման եւ էներգետիկ անվտնագությունը» նիստին։ Այս մասին հայտնում է News.am-ը:

Սակայն, այս խորագիրը չխանգարեց Ալիեւ կրտսերին խոսել ոչ թե բնապահպանության եւ էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ, ինչն իրենից, ամենայն հավանականությամբ, ակնկալում էին նիստի տարակուսած մասնակիցները, այլ այն մասին, ինչի վրա Ալիեւը սեւեռված է. հայկական այսպես կոչված ագրեսիան եւ հայերի կողմից իբր գործված այլ հանցանքները, որոնք իր կարծիքով խոչընդոտում են տարածաշրջանային զարգացումը։ Իհարկե, մոռանալով նշել, այն իրական պատճառները, որոնց ֆոնին իր երկիրը հայտնվել է ցնցումների եզրին.նավթի գների նվազումը, մանաթի արժեզրկումը, մարդու իրավունքների ոտնահարումը եւ այլն։

Իսկ ինչու խոսել դրանց մասին, եթե կարելի է ամբողջ մեղքը բարդել հայերի վրա։ Հենց սա էր այն հարցի առանցքը, որը հայ դիվանագետ՝ ԱԳ նախարարի խորհդրական Անդրանիկ Հովհաննիսյանն ուղղեց Ադրբեջանի նախագահին։ Հայ դիվանագետն ընդգծեց, որ մենք տրամագծորեն տարբեր, հակառակ կարծիք ունենք Հայաստանի նկատմամբ Ալիեւի հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Նա կոչ արեց Ալիեւին բացատրել, թե ինչպես է ստացվում, որ Ադրբեջանի հետ պատահած ամեն մի դժբախտության մեջ հայերն են մեղավոր։ Մեղավոր են, երբ միջազգային հանրությունը քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարման համար։ Հայերն ու հայկական լոբբին է մեղավոր, երբ Եվրոպական խորհրդարանում եւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին քննադատող բանաձեւեր են ընդունվում։ Նույնիսկ, երբ նավթի արտահանումն է նվազում, Ադրբեջանը Բրիթիշ փետրոլիումին է մեղադրում հայերի հետ հանցավոր համաձայնության գալու մեջ։ Արդյոք հեշտ է մեկ ունիվերսալ պատասխան ունենալ բոլոր դժվար հարցերին պատասխանելու համար, ամփոփեց հայ դիվանագետը։

Եվ ինչ եք կարծում, ինչ պատասխանեց Ալիեւը։ Անակնկալ չգրանցվեց, Ալիեւն ասաց ճիշտ այն, ինչի մասին նիստի մասնակիցներին նախազգուշացրել էր հայ դիվանագետը. «ամեն ինչում մեղավոր են հայերը»։ Միայն այս անգամ արդեն համաժողովի մասնակիցների համար, թերեւս, առավել պարզ էր, որ այս սնանկ մեղադրանքներն օգտագործվում են զուտ այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահը ուղղակի չի կարող խոստովանել իրական պատճառները։ Իսկապես, որ հեշտ է բոլոր հարցերին մեկ պատասխան տալ։ Բայց, հազիվ թե այն օգնի Ալիեւին, երբ գա սեփական ժողովրդի առջեւ պատասխան տալու ժամանակը։

Նույնիսկ այն կարճ ժամանակահատվածում, որ տրամադրված էր հարցեր տալու համար, հայ դիվանագետն իր հարցադրմամբ ցուցադրեց Ադրբեջանի իրական դեմքը, որն աղավաղում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, միջազգային հանրության կողմից քննադատվում է մարդու իրավունքների ոտնահարման համար, եւ որի դեմ բանաձեւեր են ընդունում Եվրոպական կառույցները։ Նիստի վարողը ակնհայտորեն շփոթված էր, բայց չէր կարող հանդուրժել ավելին եւ համաժողովի մյուս հայ մասնակիցներին ուղղակի զրկեց հարց տալու հնարավորությունից, փութալով ավարտված հայտարարել քննարկումները։

Սա առաջին անգամը չէ, որ հայ դիվանագետները Մյունխենյան համաժողովում նեղ կացության մեջ են դնում Ալիեւին։ Անցյալ տարի էլ, Ադրբեջանի նախագահը ստիպված էր պատասխանել հայ դիվանագետների սուր հարցադրումներին։ Կարծես թե գնալով մյունխենյան համաժողովը փորձությունների հարթակ է դառնում Ադրբեջանի ղեկավարի համար։

Scroll Up