ԵՏՀ խորհուրդը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ձևավորելու հայեցակարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգին:

Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:  Ներկայացնելով հայեցակարգի նախագիծը` ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Դանիլ Իբրաևը նշել է, որ փաստաթուղթը մշակվել է ԵԱՏՄ համաձայնագրին համապատասխան: ԵԱՏՄ պայմանագրի համաձայն` միության ընդհանուր գազի շուկա ձևավորելու հարցը պետք է ուսումնասիրվի և համապատասխան հայեցակարգը ներկայացվի մինչև 2016թ., իսկ մինչև 2018թ. հունվար պետք է ներկայացվեն գազի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրերը: Դրանից հետո միության անդամ երկրները միջազգային պայմանագիր կստորագրեն ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին, որն ուժի մեջ պետք է մտնի 2025թ. հունվարի 1-ից ոչ ուշ:

«Փաստորեն, այս հայեցակարգի մշակումը շատ կարևոր որոշում է, քանի որ մենք առաջին անգամ դուրս ենք գալու մրցակցային շուկա և ներկայացնում ենք այնպիսի ապրանքի առևտրի շուկայական սկզբունքներ, ինչպիսին բնական գազն է: Սա հատկապես կարևոր է այն առումով, որ հայեցակարգի դրույթների հետ համաձայնել են գազային շուկայի հիմնական խաղացողները, ինչն ապացուցում է  ջանքերը վերազգային մակարդակ ուղղելու իրավացիությունը»,- ասել է Իբրաևը:

Նա հավելել է, որ գազի ընդհանուր շուկա ստեղծելու նպատակը ԵԱՏՄ տարածքում գազի ազատ մատակարարումը, գազատրանսպորտային ենթակառուցվածքների հասանելիության, գազի գների կայունացման ապահովումն է:

Scroll Up