«Կապույտ երկնքի տակ». լուսանկարչական ցուցահանդես Թեքեյան կենտրոնում

Փետրվարի 17-ին, ժամը 15.00-ին, Թեքեյան Կենտրոնում /Երեւան, Խանջյան 50/, Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության Արտ-ֆոտոյի բաժինը, PhotoPodium.com-ը, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիան եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը ներկայացնում են «Կապույտ երկնքի տակ» խորագիրը կրող միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին մասնակցում է 72 հեղինակ Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Վրաստանից, Իսրայելից, Նիդերլանդներից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ Էստոնիայից:
Ներկայացված 81 աշխատանքներն արտացոլում են շրջապատող իրականությունը հեղինակների տեսանկյունից, իսկ լուսանկարչական ժանրերի բազմազանությունը՝ աշխարհի տարբեր անկյունների գունագեղությունն ու անկրկնելիությունը:
«Կապույտ երկնքի տակ» ցուցահանդեսի նպատակն է զարգացնել լուսանկարչական արվեստը եւ ներմուծել ավելի բարձր ու պրոֆեսիոնալ չափանիշներ արվեստի այդ ուղղության մեջ:
Ցուցահանդեսը, որի կարգախոսն է «Արվեստը հանուն խաղաղության», ձգտում է նաեւ մարդկանց սրտերում եւ մտքերում արթնացնել լավն ու բարին, որպեսզի խաղաղություն տիրի աշխարհում, եւ մարդիկ ապրեն կապույտ երկնքի տակ: