Ստամբուլահայ մտավորական Սևան Նիշանյանին տեղափոխել են պատժիչ խուց

Ստամբուլահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին, ով ազատազրկման մեջ է գտնվում Սուլթանհիսարի փակ ռեժիմի բանտում, 11 օրով տեղափոխել են պատժիչ խուց:
Այս մասին ըստ Artsakhpress-ի` տեղեկացնում է թուրքական T24-ը:
Բանտի տնօրինության նման որոշման պատճառն այն է, որ պոլսահայ մտավորականի մոտ հայտնաբերել են համացանց մատակարարող սարք և կրիչ, ինչն արգելված է բանտում: 2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել:
Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության սխալների հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին: Ն
իշանյանը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին տեղափոխվել էր Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ պայմանները բանտարկյալների համար համեմատաբար ավելի մեղմ են: Սակայն 2016 թվականի հունվարին լեզվաբանը կրկին տեղափոխվել է նույն բանտի փակ ռեժիմի հատված: Նիշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն բողոքարկել է իր պաշտպանյալին փակ ռեժիմի բանտ տեղափոխելու մասին դատարանի որոշումը: Բողոքարկման գործընթացը մի քանի ամիս կտևի: