The Guardian. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն «անկյուն են քշել» Էրդողանին

Մոսկվայում սիրիական քրդերի առաջատար կուսակցության՝ «Դեմոկրատական միության» պաշտոնական ներկայացուցչության բացումն ավելի կսրի Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Այս մասին ըստ News.am-ի` գրում է The Guardian-ը:
Սակայն, ըստ պարբերականի, ամեն ինչ հարթ չէ նաեւ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում, որը նույնպես Սիրիայի հյուսիսում սատարում է քրդերին: Ըստ բրիտանական պարբերականի, «անկյուն քշված» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է դեմ գնալ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին ու տարածաշրջանում սեփական ռազմական գործողությունը սկսել, ինչը կհանգեցնի «սիրիական հակամարտության աղետալի աճի»:
Նշվում է, որ Թուրքիան Մոսկվայում քրդերի կուսակցության ներկայացուցչության բացումը սադրանք է համարում եւ Ռուսաստանի՝ տարածաշրջանում ազդեցության ընդլայնման ծրագրերի մաս: Բացի այդ, Անկարան կարծում է, որ իր վրա ճնշումն ավելանում է Սիրիայում կառավարական ուժերի հաջող առաջընթացին զուգահեռ, որոնց աջակցում է ռուսական ավիացիան: Դա հանգեցրել է դեպի թուրքական սահմաններ փախստականների հոսքի ավելացման, ինչի հետեւանքով եվրոպական երկրներն ուժեղացնում են ճնշումը թուրքական իշխանությունների վրա:
Սակայն, ըստ Gazeta-ի, Թուրքիան ավելի ու ավելի շատ տարաձայնությունների ունի նաեւ ԱՄՆ-ի հետ: Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին Թուրքիա կատարած այցի ժամանակ ակնարկեցին, որ Անկարան պատրաստ է ռմբակոծել Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին, եթե քուրդ զինյալները շարունակեն ամերիկյան զենք ստանալ:
Չի բացառվում, որ Թուրքիան կարող է Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական նոր գործողություն սկսել՝ ի հեճուկս ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի: «Դա Էրդողանի հուսահատության նշան կլինի, որը կնշանակի սիրիական հակամարտության աղետալի աճ»,- գրել է բրիտանական պարբերականը: