ՀՀԿ-­ն ու ՀՅԴ-­ն նախնական համաձայնության են եկել կառավարման համակարգում միասին աշխատելու հարցում

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ­-ն նախնական համաձայնություն ունեն ապագայում կառավարման համակարգում միասնաբար հանդես գալու հարցում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նիստի ընթացքում մենք հիմնականում անդրադարձել ենք ՀՅԴ­ի հետ համագործակցության ձևաչափին: Պետք է ասեմ, որ մենք ունենք նախնական համաձայնություն՝ ապագայում Հայաստանի կառավարման համակարգում միասնական աշխատելու հարցում: Իսկ վերջնական համաձայնության մասին դուք կիմանաք մինչև շաբաթվա վերջ»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Հարցին՝ ի՞նչ պաշտոններ է ստանալու ՀՅԴ-­ն, Շարմազանովը կրկնեց, որ համաձայնությունը նախնական է, ուստի այս պահին չի կարող այլ մանրամասներ հրապարակել: «Նախնական բառը նշանակում է, որ դեռ վերջնական համաձայնություն չկա, ուստի, եթե անգամ ես տեղեկություններ ունեմ, չեմ կարող դրանք հրապարակել: Շաբաթվա վերջում դուք ամեն ինչ կիմանաք»,­ ընդգծեց նա: Նա նաև հայտարարեց, որ մամուլում շրջանառվող լուրերի մի մասը համապատասխանում է իրականությանը, մի մասը՝ ոչ:

Նա նաև մի փոքր բացեց փակագծերը և ընդգծեց, որ ՀՅԴ­ին տրվելիք պաշտոնների հարցը հիմնականում լուծված է: Շարմազանովը հստակեցրեց, որ բացի նախարարական պորտֆելներից՝ ՀՅԴ­ն կստանա նաև մարզպետի պաշտոններ:

Scroll Up