Մերձավոր արեւելքի քրիստոնյաների ու եզդիների ցեղասպանության մասին ԵԽ բանաձեւը ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված կոչ է պարունակում

Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որով քրիստոնյաների, եզդիների ու այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ԻՊ գործողությունները ցեղասպանություն է որակվում, կարող է դրական արդյունքներ ունենալ, քանի որ այն վկայակոչում է ՄԱԿ –ի նախորդ զեկույցները ու պարունակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված կոչ՝ համապատասխան կանխիչ գործողություններ ձեռնարկելու մասին: Այս մասին, ըստ News.am-ի, փետրվարի 6-ին հայտնել է «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը:

Նրա խոսքով, Եվրախորհրդարանում ընդունված իրավական ակտը Եվրոպայում կդառնա նաեւ այլ քննարկումների առարկա, քանի որ բանաձեւը քննարկվելու է տարբեր կոմիտեներում, ու մշակվելու է հետագա գործողությունների ծրագիր: «Բանաձեւի ընդունումը պատահական չէր, քանի որ Մերձավոր արեւելքի ներկա իրավիճակը համարժեք գնահատականի չէր արժանացել եվրոպական համայնքի կողմից: Մարդու իրավունքները՝ համաշխարհային արժեք լինելուց բացի նաեւ եվրոպական արժեք են: Եթե այդ գործողությունները չբնութագրվեին որպես ցեղասպանություն՝ Եվրոպան նախեւառաջ իր արժեքների դեմ կգնար »,-շեշտել է Սաշիկ Սուլթանյանը: Բանաձեւը, շարունակել է նա, ընդունվել է եվրոպական կառույցների ճնշման արդյունքում, այդ հարցում իրենց ավանդն են ունեցել նաեւ տարբեր երկրների եզդիական համայնքները: «Այն երկրները, որոնք ընդունել են բանաձեւը, նաեւ որոշակի պարտավորություններ կունենան՝ կանխել Մերձավոր արեւելքում կատարվող իրադարձությունները ու պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավուքնները»,- նկատել է Սաշիկ Սուլթանյանը:

«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության փոխնախագահը պատմել է նաեւ մի եզդի աղջիկա մասին, որը եղել է ԻՊ-ի ստրկուհին, բայց հետո կարողացել է փախչել նրանց մոտից: «Հիմա նա եզդի կանանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում: Ուշագրավ է, որ նրա թեկնածությունն առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի համար»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը փետրվարի 4-ին ընդունել էր բանաձեւ, որով քրիստոնյաների, եզդիների ու այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ ԻՊ-ի բռնություններն ու հետապնդումները ցեղասպանություն է որակել:

Scroll Up