Ադրբեջանական մամուլը կեղծել է հույն նախարարի ուղիղ խոսքը

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասի խոսքը և նրան վերագրել արտահայտություններ, որոնք հույն պաշտոնյան չի ասել:

Ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Բաքվում տված մամուլի ասուլիսում Նիկոս Կոտզիասը, մասնավորապես, անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին սատարելու մասին, գրում է  Panorama.am-ը:

Միևնույն ժամանակ «1news.az»-ը գրել է , թե իբր հույն պաշտոնյան ասել է. «Մենք այս հարցում աջակցում ենք Ադրբեջանի դիրքորոշմանը»: Նման հայտարարություն իրականում չի հնչել, այլ ընդամենը նշվել է, որ ադրբեջանցի գործընկերն իրեն տեղեկացրել է պաշտոնական բաքվի դիրքորոշման մասին:

Հունաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում զետեղված է Նիկոս Կոտզիասի ասուլիսի սղագրությունը, և խնդրո առարկա հատվածում հույն պաշտոնյան ընդամենը նշել է. «Իմ աջակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Նախագահն ու արտաքին գործերի նախարարը ինձ տեղեկատվություն են տրամադրել՝ Ադրբեջանի մեր ընկերների դիրքորոշումն ավելի լավ հասկանալու համար»:

Scroll Up