Անվճար կարտոֆիլ՝ թոշակառուների համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Kartofil.jpg)
Սկզբում Մկրտիչը չի ցանկանում խոսել. «Չեմ ուզում սա ինքնագովազդի վերածվի: Գովազդելու համար չեմ անում»: Իսկ որոշ ժամանակ զրուցելուց հետո ծիծաղելով ասում է՝ էնքան բացվեցի, որ արդեն ինչ հարց ուզում եք տվեք:
Ամիսներ առաջ Սուրբ Զորավոր եկեղեցու մերձակայքում բանջարեղենի կրպակ է բացել: Հունվարի 30-ից էլ թոշակառուներին օրը քսան կիլոգրամ անվճար կարտոֆիլ է առաջարկում: Առանձնացնում է մեկական կիլոգրամ և դրանք հատուկ սեղանին դնում: Ասում է՝ այսքան կարող եմ անել: Հնարավորություններս այսքան են:
Ինքը տեղյակ չի եղել, որ երևանյան խանութներից մեկում թոշակառուների համար անվճար հացեր են առանձնացվում: Դրա մասին քրոջից է տեղեկացել, ով էլ եղբորը հորդորել է նման ակցիայով ևս հանդես գալ:
«Կապ չունի՝ տարածքի թոշակառու է, թե ոչ: Առանց կաշկանդվելու՝ մեկ կիոլգրամ կարտոֆիլը կարող է վերցնել»,- ասում է Մկրտիչը:
Սոցցանցում մի օգտատեր գրել էր՝ երևի ցուրտը տարած է: Այդ մեկնաբանությունից վիրավորվել էր:
«Թոշակառուներին կարտոֆիլը անվճար» պաստառի արձագանքերին չի հետևում: Դրա կողմ չի նայում, գլուխը կախ իր աշխատանքն է կատարում: Նկատել է՝ կան մարդիկ, որ ամաչում են վերցնել, կանգնում, նայում են: Այս ամենը հասկանալով՝ Մկրտիչը անձամբ է մոտենում և հորդորում՝ առանց կաշկանդվելու վերցնել:
Սոցիալապես անապահովները ևս կարող են օգտվել: Ակցիան ուղղել է հատուկ թոշակառուներին, քանի որ կարծում է՝ նրանցից շատերը կարող է միայնակ ապրեն, եկամուտը միայն իրենց թոշակը լինի: Այս միջոցով կարտոֆիլի համար առանձնացված գումարը կարող են տնտեսել: «Այնպես որ հիմա կարտոֆիլի համար կարող են հաշվարկ չանել»,- ասում է Մկրտիչը:
Ասում է՝ եթե հետագայում դրությունը առավել լավ լինի, ավելի շատ մթերքներ կառաջարկի: Այժմ կարող է միայն այդքանը անել:
Իր այս ակցիայով ցանկանում է «կոչ անել» այլ մարդկանց, խանութներին և ընկերություններին: Ասում է՝ եթե օրինակ մի խանութ օրը երկու ձու բաժանի, հատատ բան չի կորցնի:
«Մարդիկ շնորհակալությամբ են ընդունում այդ օգնությունը: Դրանից ինձ առավել լավ եմ զգում: Յուրաքանչյուր թոշակառուի օրհնանք գումարից առավել է»,- ասում է Մկրտիչը:
Դիանա Ղազարյան
Hetq.am
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս