ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իռլանդիական Diaspora Matters ընկերության ղեկավար Քինգսլի Այքինսին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իռլանդական Diaspora Matters ընկերության ղեկավար, միջազգային առաջատար փորձագետ Քինգսլի Այքինսին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց Իռլանդիայի կառավարությանը 2015թ. հոկտեմբերին ի շահ հայրենիքի զարգացման սփյուռքի ներուժի ներգրավման իռլանդական փորձը ուսումնասիրելու նպատակով Իռլանդիա մեկնած հայաստանյան պատվիրակությանը հավուր պատշաճի ընդունելու համար, որի կազմում էր նաև ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը: Նախարարը կարևորեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի շրջանակում երևանում փետրվարի 3-ին իրականացվելիք համաժողովը, որտեղ քննարկվելու են սփյուռքի ներգրավման նորարարական մոտեցումները:

Հրանուշ Հակոբյանը իր գոհունակությունը հայտնեց Քինգսլի Այքինսին Սփյուռքի նախարարության աշխատակազմի համար Իռլանդիայում սփյուռքի հետ տարվող աշխատանքների ռազմավարության, կառուցակարգերի, ձեռք բերած փորձի, հաջողության հասնելու ուղիների վերաբերյալ դասախոսություն կարդալու համար: Նախարարը վստահություն հայտնեց, որ կծավալվի նաև կառուցողական քննարկում, հարցուպատասխան՝ նպաստելով իռլանդական փորձի արդյունավետ յուրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քինգսլի Այքինսը խոսեց երկրի զարգացման գործում իռլանդական սփյուռքի ներգրավվածության բացառիկ ձևաչափի մասին: Փորձագետը նշեց, որ Հայաստանի պարագայում սփյուռքի ներգրավման այս երկկողմանի մոտեցումը պահանջում է սփյուռքի հետ տարվող աշխատանքների վերանայում:

Scroll Up