Թուրք պատգամավորը հայտարարել է, թե Դիարբեքիրում փողոցներին հայկական անուններ են տրվում

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, որ Դիարբեքիրում փողոցներին ու պողոտաներին հայկական անուններ են տրվում, գրում է Ermenihaber-ը:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկության համաձայն՝ «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ- MHP) ներկայացուցիչ Հալաչօղլուն մաասնավորապես ասել է.
«Այն բանից հետո, երբ Գյուլթեն Քըշանաքը դարձավ Դիարբեքիրի քաղաքապետ, փողոցների և պողոտաների անունները սկսեցին փոխվել: Նոր անունները ոչ թե քրդական են, այլ հայկական: Ամեն ինչ փոխվում է: Մենք ասել ենք, որ այդպես սխալ է, սակայն մեզ չեն լսում»:
Նշենք, որ Հալաչօղլուն 1993-2008թթ. եղել է Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը: Նա հայտնի է իր հայատյաց հայտարարություններով և Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված ակտիվ գործունեությամբ: