Ամերիկայի հայկական համագումարը դեմ է հանդես եկել Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրելուն

Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին եւ Գանձապետարանի քարտուղար Ջեք Լյուին հղված նամակում Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոչ է արել ԱՄՆ-ին հանդես գալ ընդդեմ Ադրբեջանի կոռումպացված ու ավտորիտար վարչակարգի համար առաջարկվող ցանկացած ֆինանսական օժանդակության տրամադրման, հատկապես՝ ԱՄՆ հարկատուների միջոցներով։ Համաձայն ԶԼՄ-ների վերջին հաղորդագրությունների, ԱՄՆ-ի կողմից սատարվող Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը դիտարկում են Ադրբեջանին 4 մլրդ դոլարի ֆինանսական օժանդակության տրամադրումը, մինչդեռ միեւնույն ժամանակ Standard and Poor’s միջազգային վարկանշային գործակալությունն իջեցրել է Ադրբեջանի վարկային վարկանիշը՝ նախազգուշացում ուղարկելով ներդրողներին, որ նրանք դիտարկվում են որպես սպեկուլյատիվ աղբ։ Այս մասին գրում է News.am-ը:

«Պարգեւատրելու փոխարեն աշխարհում առավել կոռումպացված բռնապետական երկրներից մեկին, որի նախագահ Իլհամ Ալիեւը ստացել է Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի բնագավառում Տարվա մարդ երբեւէ տրված առաջին մրցանակը (շնորhված Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման ծրագրի կողմից), Ադրբեջանին պետք է կոչ անել շատ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել ու օգտագործել իր նավթային ռեսուրսներն ի բարօրություն իր ժողովրդի, այլ ոչ թե քրիստոնյա հայերի հաշվին», – նշված էր Համագումարի կողմից հղված նամակում: Բացի այդ, նամակում ընդգծված էր, որ «Ադրբեջանի նախագահը շարունակում է վարել իր քաղաքականությունը՝ փորձել լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը՝ սպառնալով վերացնել Հայաստանը քարտեզի վրայից»:

Համագումարն արձագանքեց, 2015 թվականին տեսնելով 1994 թվականի զինադադարի պայմանագրի կնքումից ի վեր ադրբեջանցի դիպուկահարների եւ ծանր հրետանու կրակահերթերի զոհ դարձած հայերի առավելագույն թիվը, ինչպես նաեւ հայկական դպրոցների եւ այլ քաղաքացիական տարածքների թիրախավորումը հայ-ադրբեջանական սահմանի եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով:

«Ֆինանսական օժանդակության տրամադրումը կոռումպացված, օտարերկրյա վարչակարգին, որը շարունակում է շրջափակման մեջ պահել եւ հարձակվել իր քրիստոնյա հարեւանի վրա, դեմ է ամերիկյան արժեքներին»,- նշել են Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը: «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին օգտագործել իր զգալի ազդեցությունը, որպես Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի առաջատար անդամ՝ հանդես գալու ընդդեմ ցանկացած նմանատիպ ֆինանսական օժանդակության»,- նրանք շարունակել են:

Քարտուղարներ Քերրին եւ Լյուին հղված Համագումարի նամակը հասանելի է այստեղ:

Scroll Up