Լիբանանի հայկական համայնքն այս տարի հագեցած օրակարգ է ունենալու

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախ աշխատանք կա իրականացնելու քաղաքական դաշտում: Ինչպես գիտենք, նախագահի պաշտոնը թափուր է և անհրաժեշտ է որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ: Պետք է բոլոր լիբանանյան համայնքները, քաղաքական ուժեը համաձայնության գան թեկնածուի հարցի շուրջ, որից հետո խորհրդարանն ընտրի հանրապետության նախագահին: Ժամկետը վաղուց անցել է, և խորհրդարանին չի հաջողվել նախագահ ընտրել: Հայ համայնքը, Լիբանանի քաղաքական և հասարակական դաշտում որպես կարևորագույն 7 համայքներից մեկը, կարող է կամրջի դեր ստանձնել բոլոր կողմերի միջև»,-ասաց Շահան Գանտահարյանը:

2016-ին աշխատանքներ կտարվեն ներհամայնքային հարցերի հետ կապված: Շահան Գանտահարյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հետ կապված համայնքի ներսում յուրատեսակ միասնականություն ձևավորվեց: Գործում ներգրավվել էին կուսակցությունները, կրոնական համայնքները, միությունները: Արդյունքում 2015 թվականին 500-ից ավելի միջոցառումներ կազմակերպվեցին:

«Սա միասնական գործելաձևի հաջողակ օրինակ է, և միասնական, համակարգված աշխատելու այդ կապիտալն ինչ-որ կերպ, ինչ-որ ձևով պետք է շարունակել օգտագործել: Կարծում եմ` միայն ցեղասպանության թեման չէ, որ պիտի միավորի: Մենք առաջնահերթ այլ խնդիրներ ունենք` կապված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, սիրիահայերի օժանդակության հետ»,-նշեց  «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը: Անդրադառնալով սիրիահայերի աջակցությանը` Շահան Գանտահարյանը նկատեց, որ Լիբանանը սիրիահայ փախստականների առաջին ալիքն ընդունող երկիրն է: Որոշները Լիբանանից գնում են Երևան կամ այլ քաղաքներ, բայց մի մասը մնում է, և այնտեղ որոշակի օժանդակություն պետք է ցուցաբերվի կրթության, առողջապահության ոլորտում: Շահան Գանտահարյանը նաև նշեց, որ շարունակելու են տարբեր առիթներով բարձրաձայնել սիրիահայերի հարցը, ինչպես նաև, կապի մեջ լինելով սիրիահայ գործընկերների հետ, իրավիճակի վերաբերյալ արագ, օբյեկտիվ լրահոս ապահովել:

Ընթացիկ տարվա սպասվող աշխատանքներում Շահան Գանտահարյանը կարևորեց նաև Հայաստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում կապերն ակտիվացնելը:  «Ուրախ եմ նկատելու, որ օդային կապը կա, լիբանանյան ավիաընկերությունները կանոնավոր թռիչքներ են իրականացնում դեպի Երևան, հույս ունենք, որ սա կպահպանվի: Կարծում եմ` ռազմավարական առումով սա շատ կարևոր խնդիր է, նկատենք, որ սիրիահայությունն էլ օգտագործում է լիբանանյան օդային հնարավորությունները»,-ասաց նա:

Շահան Գանտահարյանի խոսքով` պետք է ակտիվացնել Լիբանանի հայկական համայնքի երիտասարդների այցերը դեպի Հայաստան: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ ուսանողներ գան և բարձրագույն ուսում ստանան հայրենիքում: Ընթացիկ տարում աշխատանք կա կատարելու պաշտոնական Բեյրութի և պաշտոնական Երևանի միջև կնքված բազմաթիվ համաձայնագրերը կյանքի կոչելու առումով: Ըստ Շահան Գանտահարյանի`  լիբանանահայ համայնքը կարող է կամրջի դեր կատարել Հայաստանի ու Լիբանանի միջև  և’ որպես հայեր, և’ որպես Լիբանանի քաղաքացիներ:

Scroll Up