Վրացահայերը հարգանքի տուրք են մատուցել Թբիլիսիի առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված հայազգի գեներալներին

Թբիլիսիում հունվարի 27­-ին, Հայոց բանակի 24-­րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Վրաստանում ՀՀ դեսպանության անձանակազմը` դեսպան Յուրի Վարդանյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի պաշտոնեության, հոգևոր դասի և թբիլիսահայ ներկայացուցիչների մասնակցությամբ, հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ զետեղել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված հայազգի գեներալներ Միխայիլ Լորիս­Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր­-Ղուկասովի շիրիմներին:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը Թբիլիսիի «Սամի Սաուկունե» հանդիսասրահում կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ կազմավորման 24­րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 150 հրավիրյալ, այդ թվում` Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Էբրալիձեն և Աննա Դոլիձեն, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ­մայոր Վախթանգ Կապանաձեն, ԳՇ պետի 1­ին տեղակալ, գնդապետ Օմար Բեգոիձեն, ՊՆ և ԶՈՒ ԳՇ կարևորագույն վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագետներ և ռազմադիվանագիտական կորպուսը, վրացի ռազմական փորձագետներ, ԶԼՄ­-ների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման մեկնարկին ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանն իր ողջույնի խոսքում ներկայացրել է օրվա խորհուրդը: Ելույթ է ունեցել նաև Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ­մայոր Վախթանգ Կապանաձեն, ով կարևորել է երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը և իր ջերմ շնորհավորանքները հայտնել ՀՀ ԶՈՒ տարեդարձի կապակցությամբ:

Առանձնահատուկ նշվել է, որ անգամ հեռավոր Աֆղանստանում հայ և վրացի զինծառայողները համատեղ ծառայություն են իրականացնում միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում և դրսևորում փոխգործակցության օրինակներ:

Scroll Up