ՀՀ ԶՈւ գնդապետ Արա Սարգսյանը հանդիպեց Մոսկվայի Հայորդյաց տան սաների հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/180.jpg)
ՀՀ ԶՈւ գնդապետ Արա Սարգսյանը հանդիպեց «Հայորդյաց տան» սաների հետ
Հունվարի 24-ին՝ ՀՀ ԶՈՒ հիմնադրման 24-րդ տարեդարձին՝ հունվարի 28-ին ընդառաջ, Մոսկվայի «Հայորդյաց տանը» կազմակերպվել էր հանդիպում ՀՀ ԶՈՒ սպա, գնդապետ Արա Սարգսյանի հետ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:
«Ինձ համար մեծ պատիվ է ձեզ ներկայացնել մեր բանակի անցած ուղին, քանի որ գտնվում եմ մի վայրում, որը մեկտեղել է հայ երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն սովորել հայերեն և անմասն չմնալ հայրենիքից»,- դիմելով ներկաներին՝ ասաց Արա Սարգսյանը։
Գնդապետը ներկաներին պատմեց ՀՀ ԶՈՒ հիմնադրման, կայացման, Արցախյան պատերազմի մասին՝ միաժամանակ ներկայացրեց տեսաֆիլմեր, որոնք պատմում էին մերօրյա զինվորներից։
«Ինչպես մեր հանդեպ սանձազերծված պատերազմը, այնպես էլ ներկա իրավիճակը ծնում է մերօրյա հերոսներ։ Սակայն պետք է արձանագրել, որ չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ մեր զինուժը պատվով է կատարում իր առջև դրված բոլոր խնդիրները, տիրապետում է ժամանակակից մարտի վարման բոլոր կաննոներին և պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգության»,- ասաց Արա Սարգսյանը՝ միաժամանակ ներկայացնելով 1994թ․-ին հրադադարի կնքման հանգամանքները, ԼՂԻՄ-ազատագրված տարածքներ տերմինների ծագման պատմությունը, Արցախյան գոյամարտի դերն ու նշանակությունը։
Ներկաները հետաքրքրվեցին բանակի սպառազինությունից, հայ զինվորի մարտունակությունից, բանակին անդամագրվելու հնարավոր տարբերակներից, միաժամանակ, հանձինս գնդապետի, շնորհակալություն հայտնեցին հայ զինվորին՝ նրան մաղթելով խաղաղ երկինք և բարի ծառայություն։
Հանդիպումն անչափ հետաքրքիր և բազմիմաստ էր։ Այդ իսկ պատճառով, այն լսարանի ռուսալեզու հատվածին առավել հասկանալի դարձնելու համար որոշ հավածներ՝ ուսուցիչ Աշոտ Ավետիսյանի կողմից սինքրոն թարգմանվում էին ռուսերեն։
«Հայոց պետականության կերտման գործում անուրանալի է հայ զինվորի ներդրումը։ Այսօրվա մեր պետականությունը մեր զինվորի թափված արյամբ է ձեռք բերվել։ Հայաստանում բնակվող մեր բարեկամներն իրենց ապահով են զգում, քանի որ սահմանին հայ զինվորն է կանգնած։ Դրա համար մենք խոնարհվում ենք հայ զինվորի առջև և դրանով աղոթք վեր առաքում, որ Աստված անսասան պահի հայոց սահմանները, երբեք ու երբեք չտա այնպիս առիթ, որ հայ մայրն արտասվի իր զավակի համար։ Մեր երախտագիտությունը գնդապետին, որ իր տարիների փորձը փոխանցեց մեր զավակներին»,-հանդիպման ավարտին ասաց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը։