Իր համար կյանքը զոհած զավակներին չմոռացող հայրենիքն անպարտելի է. զոհված զինծառայողի մայր

Հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված զինծառայող Կարեն Հովհաննիսյանի մայրը մինչ այս պահը չի հաշտվել որդու կորստի հետ, սակայն հպարտ է, որ իր որդին զոհվել է սխրանք գործելով, իսկ նրա սխրանքը չի մոռացվել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հակառակորդի գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է արիության մեդալով: Զոհված որդու մեդալը ստանալու համար ՀՀ նախագահական նստավայր էր ժամանել Կարեն Հովհաննիսյանի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանը: Մեդալը ստանալուց հետո Անուշ Հովհաննիսյանը մոտեցավ ամբիոնին և բավականին հուզիչ ելույթ ունեցավ:
«Դժվար է մայր լինել, առավել ևս դժվար է զոհվածի մայր լինելը: Լույս աշխարհ ես բերում զավակիդ, գուրգուրում, անքուն գիշեր անցկացնում, մեծացնում, սակայն ճակատագիրն ասում է իր խոսքը: Մի քիչ սփոփում է այն, որ զավակս իր կյանքը զոհել է հանուն իր ժողովրդի, հայրենիքը պաշտպանելու ընթացքում: Մինչև հիմա չեմ հաշտվում որդուս կորստի հետ: Ցավն ինձ ուղեկցում է ամեն վայրկյան: Ամեն գիշեր քուն մտնելիս՝ մտքով զրուցում եմ նրա հետ, պատմում օրվա մասին, ամեն առավոտ նրան բարի լույս եմ ասում: Դժվար է այս ամենին դիմանալը, բայց դիմանում եմ ու շարունակում եմ ապրել, որովհետև այդպես կցանկանար իմ որդին: Շատ եմ կարևորում, որ իմ որդու սխրանքը չի մոռացվել, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը հիշում և գնահատում է այդ սխրանքը: Այսօր գիշեր ես տղայիս կասեմ, որ քո սխրանքի համար հասանելիք պարգևը ստացար: Ասում են, որ այն հայրենիքը, որը չի մոռանում իր համար կյանքը զոհած զավակներին, անպարտելի է: Մենք չենք մոռանում մեր զավակներին, նշանակում է, որ մեր հայրենիքը հավերժ է: Այս օրը դրա վկայությունն է: Ցանկությունս այն է, որ հայոց աշխարհում ոչ մի մայր չսգա իր որդու կորստյան ցավը», եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը:
2015 թ. օգոստոսի 12-ին ԼՂՀ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Կարեն Հովհաննիսյանը: