Արարատ լեռան խորաքանդակը չար կատակ է խաղացել կրկնակի գործակալի հետ

1912 թվականի հունվարին ծնվել է բոլոր ժամանակների մեծագույն լրտեսը՝ խորհրդային գերգործակալ, անգլիացի Քիմ Ֆիլբին: Զբաղեցնելով բրիտանական հետախուզության՝ ՍԻՍ-ի (SIS) կարեւորագույն պաշտոններից մեկը, նա կարողացել է այնքան լավ խաղալ իր դերը, որ Անգլիայի վարչապետն անձամբ է պաշտպանել նրան՝ ի պատասխան ԽՍՀՄ-ի օգտին լրտեսության մասին ԿՀՎ մեղադրանքների: Ըստ «ԱիՖ»-ի, միայն երկու տարի առաջ է անգլիական հակահետախուզությունը հանրության սեփականությունը դարձրել Քիմ Ֆիլբիի արխիվային թղթածրարը:

Լինելով բրիտանական հատուկ ծառայության երկրորդ դեմքը՝ խորհրդային լրտեսներին բռնելու համար, Ֆիլբին, ըստ էության, ինքն էր լրտես: Նա աշխարհում միակ մարդն է, որը պարգեւ է ստացել ուղղակի հակառակորդների կողմից. 1945 թվականին Բրիտանական կայսրության շքանշան՝ Գեորգ VI թագավորի ձեռքից, 1947 թվականին Կարմիր Աստղի շքանշան՝ Ստալինի հրամանով:

Ֆիլբին Մոսկվային արժեքավոր տեղեկություններ էր փոխանցում ոչ հանուն շահի, այլ հոգու թելադրանքով. նա համոզված կոմունիստ էր: Իմանալով, որ Ֆիլբին կտրականապես հրաժարվել է վրաց-թուրքական սահմանին լրտեսների ոչնչացման հաջող գործողության համար գումար վերցնել, Ստալինը, շքանշանից բացի, հանձնարարել է հետախույզի համար հատուկ նվեր պատրաստել. Արարատ լեռան խորաքանդակ՝ պատրաստված խորհրդային լավագույն քանդակների եւ ոսկերիչների կողմից թանկարժեք փայտից՝ պատված ոսկով, պլատինով եւ ադամանդներով: Ի դեպ, այդ նվերը քիչ է մնացել՝ ՊԱԿ-ի գործակալի կործանման պատճառ դառնար:

Հենց Ֆիլբիի շնորհիվ անգլիական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների բազմաթիվ գաղտնի գործողություններ ամոթալիորեն ձախողվել են: Օրինակ՝ դիվերսանտների փոխադրումն Ալբանիա: 1949թ. ԿՀՎ-ն ու ՍԻՍ-ը որոշում են, որ ալբանական ԿԿ-ի գլխավոր քարտուղարին հեռացնելը դյուրին է. հարկավոր է միայն օդից զինված «լավ տղաների» իջեցնել: Տեղեկությունը հայտնվում է Ֆիլբիի ձեռքում: Կարդալով նրա գաղտնի զեկույցը՝ Ստալինը կապույտ մատիտով ընդգծում է. «Դեսանտը ոչնչացնել մինչեւ վայրէջքը»: Կարգադրությունը բառացիորեն են կատարում:

Գրեթե նույն ժամանակահատվածում նա Վաշինգտոնում ձախողումից մեկ քայլ է հեռու լինում: Նրան փրկում է… սիրային ինտրիգը: Նրան սիրահարված ԿՀՎ-ի գաղտնագրող կինն անզգուշաբար պատմում է, որ գաղտնազերծված խորհրդային փաստաթղթերը մատնանշում են, որ դավաճանը բրիտանական ԱԳՆ-ից է: Ֆիլբին հասկանում է, որ վտանգի տակ են նրա զինակից-ընկերները՝ խորհրդային գործակալները: Նա մոսկովյան կենտրոնին նախազգուշացնում է, եւ գործակալնեին արագորեն փոխադրում են Խորհրդային Միություն: Իհարկե, կասկած է ընկնում նաեւ Ֆիլբիի վրա. նրան հեռացնում են ծառայությունից, հարցաքննում: Սակայն դավաճանության ապացույցներ չեն գտնում:

Մի քանի տարի անց՝ 1954 թվականին, թշնամու կողմն է անցնում Կանբերրայում խորհրդային դեսպանության գաղտնագրող Վլադիմիր Պետրովը: Դավաճանը կրկին մատնանշում է Ֆիլբիին՝ որպես խորհրդային լրտեսական ցանցի գլխավոր խաղացողների մեկի: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավորները հարցում են ուղարկում վարչապետին, սակայն վերջինը հրապարակայնորեն հերքում է բոլոր կասկածները: Մինչ այդ, Ֆիլբին ուղեւորվում է Բեյրութ՝ որպես «Observer» եւ «Economist» պարբերականների մերձավորարեւելյան թղթակից: Սակայն լրագրությունը միայն քողարկում էր. նրան կրկին ընդունել էին բրիտանական հետախուզություն:

1963 թվականին արեւմտյան հատուկ ծառայությունները կրկին սկսում են գաղտնի նախապատրաստել Ֆիլբիի ձերբակալությունը: Այս անգամ «լրագրողը» հանկարծ անհետանում է: Դժվար թե հնարավոր լիներ բացահայտել այդ գաղտնիքը, բայց այս անգամ օգնում է… Խրուշչովը: Մոսկվայում ԳԴՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելության ժամանակ մի լավ խմելով՝ նա հայտարարում է Ֆիլբիին քաղաքական ապաստան եւ մոսկովյան գրանցում տալու որոշման մասին: Բրիտանական հատուկ ծառայություններն այս հայտարարությունը լուրջ չեն ընդունում՝ հիշելով գինով Խրյուշչովի այլ հայտարարությունները: Իսկ ահա ԿՀՎ-ում սա հավուր պատշաճի են ընդունում. Ֆիլբին աշխատել է սովետների համար եւ հիմա թաքնվում է այնտեղ: Այստեղ էլ ճակատագրական դեր է ունենում Ստալինի նվերը: Լոնդոնից Բեյրութ ժամանակ հանձնաժողովի փորձագետները մանրամասն խուզարկում են փախած «լրագրողի» բնակարանն ու անձնական իրերը՝ ԽՍՀՄ-ի օգտին լրտեսելու փաստեր գտնելու համար: Արդեն բնակարանից հեռանալիս արվեստաբան-փորձագետը հայացք է նետում Ստալինի նվիրած խորաքանդակին:

Ֆիլբին հյուրերին միշտ բացատրում էր, որ այն գնել է Ստամբուլում: Ավելի ուշադիր ուսումնասիրելով «հին իրը»՝ փորձագետը, ամեն դեպքում, թեկուզ կողմնակի, բայց Խորհրդային Միության հետ Ֆիլբիի կապի հաստատում է գտնում: Նվերի վրա Արարատ լեռան երկու գագաթները պատկերված էին այնպես, ինչպես այն երեւում է Խորհրդային Միության տարածքից, այլ ոչ Թուրքիայից…

Scroll Up