Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը կողմ է քվեարկել ԵԽԽՎ­-ում տապալված հակահայկական զեկույցին

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը, ով հայտնի է թուրքական իշխանական շրջանակներին հարող տրամադրվածությամբ, կողմ է քվեարկել ԵԽԽՎ-­ում բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական ձախողված զեկույցին:

Ինչպես «Արմենպրես»­ը տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքից, Մարգար Եսայանը ԵԽԽՎ-­ում ներկայացված Թուրքիայի մյուս խորհրդարանականների նման կողմ է քվեարկել ադրբեջանամետ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ­ հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր: Ի դեպ, Եսայանը կողմ է քվեարկել նաև Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցին, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով:

ԵԽԽՎ­-ի ձմեռային նստաշրջանի հունվարի 26­-ի նիստում հնչել են հակահայկական զեկույցները քննադատող ելույթներ: Զեկույցների ընդունմանը դեմ են արտահայտվել Եվրոպական ժողովրդական, Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալիստական կուսակցությունների ներակայացուցիչները

Scroll Up