Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել

ԱՄՆ-ն այսօրվանից սկսել է իրագործել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի փոփոխության կիրառումը՝ համաձայն 2015 թ. ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի բարեփոխման եւ ահաբեկիչ ճանապարհորդների կանխման օրենքի:

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնում են, որ ԱՄՆ մաքսային եւ սահմանապահ ծառայությունը ամեն օր երկիր է ընդունում միլիոնավոր ուղեւորներ եւ միտված է ապահովելու օրինական ուղեւորություն, միեւնույն ժամանակ պահպանելով անվտանգության եւ սահմանի պաշտպանության բարձր չափանիշները:

Համաձայն օրենքի՝ ստորեւ նշված կատեգորիաների ուղեւորները այլեւս չեն կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից (Visa Waiver Program (VWP)։

•       Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր 2011 թվականի մարտի 1-ից հետո մեկնել կամ եղել են Իրանում, Իրաքում, Սուդանում կամ Սիրիայում (բացառություն են կազմում դիվանագիտական կամ ռազմական նպատակով ճանապարհորդները):

•       Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրների քաղաքացիները, որոնք միեւնույն ժամանակ ունեն Իրանի, Իրաքի, Սուդանի կամ Սիրիայի քաղաքացիություն:

Այս անձինք սովորական ընթացակարգով մուտքի վիզաներ ստանալու համար կարող են դիմել իրենց երկրներում ԱՄՆ Դեսպանություններ եւ Հյուպատոսական բաժիններ:

Բոլոր նրանց համար, ովքեր ունեն անհետաձգելի ճանապարհորդության կարիք ԱՄՆ՝ գործնական, բուժման կամ հումանիտար նպատակով, ԱՄՆ Դեսպանությունները եւ Հյուպատոսական բաժինները պատրաստ են նրանց դիմումներին ընթացք տալ արտահերթ կարգով:

2016 թվականի հունվարի 21-ից ճանապարհորդները, որոնք ունեն վավեր Ճամփորդության հաստատման էլեկտրոնային համակարգ (ESTA) եւ ովքեր նախկինում նշել են, որ ունեն երկքաղաքացիություն եւ հանդիսանում են նաեւ վերը նշված 4 երկրներից որեւէ մեկի քաղաքացի, նրանց ESTA-ն կճանաչվի ուժը կորցրած:

Նոր օրենքի համաձայն, Ազգային Անվտանգության դեպարտամենտը կարող է այս սահմանափակումները չկիրառել, եթե գտնի, որ դրանում առկա է Միացյալ Նահանգների  հետաքրքրվածությունը: Սահմանափակումների չկիրառման որոշումը  կկայացվի միայն յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո:

Սահմանափակումների չկիրառումից կարող են օգտվել հետեւյալ կատեգորիաների ճանապարհորդող անձինք.

•       Անձինք, ովքեր պաշտոնական այցով մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես միջազգային, տարածքային կազմակերպությունների, տեղական  իշխանությունների ներկայացուցիչներ,

•       Անձինք, ովքեր պաշտոնական այցով  մեկնել են Իրան, Իրաք, Սուդան կամ Սիրիա՝ որպես մարդասիրական/ հումանիտար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ

•       Լրատվություն ապահովելու նպատակով մեկնած լրագրողները,

•       Անձինք, ովքեր մեկնել են Իրան օրինական գործարար նպատակով եւ հետեւել “Միացյալ համակողմանի գործողությունների պլանին, հուլիսի 14, 2015թ. (Joint Comprehensive Plan of Action)

•       Անձինք, ովքեր մեկնել են Իրաք օրինական գործարար նպատակով:

Կրկին հիշեցնում ենք, որ ESTA-ի դիմորդների նկատմամբ օրենքի չկիրառումը կորոշվի յուրաքանչյուրի գործը առանձին ուսումնասիրելուց հետո՝ հետեւելով օրենքի պահանջներին:

Բացի այդ մենք կշարունակենք հետազոտել՝ արդյոք օրենքի չկիրառումը կարող է օգտագործվել երկքաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ, ովքեր ունեն նաեւ Իրաքի, Սուդանի, Իրանի եւ Սիրիայի քաղաքացիություն եւ ինչ կարգով:

Ցանկացած ճանապարհորդ, ով ստացել է ծանուցում,  այն մասին, որ ԱՄՆ մեկնելու համար այլեւս չի կարող օգտվել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրից, կարող է մեկնել ԱՄՆ ոչ ներգաղթային մուտքի վավեր վիզայով, որը կարող է տրամադրել ԱՄՆ Դեսպանությունը կամ Հյուպատոսական բաժինը: Նրանցից կպահանջվի մինչ ԱՄՆ մեկնելը ներկայանալ ԱՄՆ Դեսպանություն կամ Հյուպատոսական բաժին հարցազրույցի  եւ ստանալ մուտքի վիզա:

Նոր օրենքը չի արգելում ԱՄՆ ճամփորդելը կամ մուտք գործելը: Առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվություն ունեցող երկրներից ճանապարհորդների մեծ մասի վրա այն չի անդրադառնա:

ESTA-ի դիմումի նոր ձեւը, որում ներառված կլինեն հավելյալ հարցեր դիվանագիտական եւ ռազմական նպատակով այցելությունների համար օրենքով սահմանված բացառությունների վերաբերյալ, շրջանառության մեջ կդրվի 2016 թվականի փետրվարի վերջին:

Մուտքի վիզաների վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել հետեւյալ կայքում. travel.state.gov.

Այն անձանց, ովքեր ունեն ESTA, խորհուրդ է տրվում նախքան ԱՄՆ մեկնելը ստուգել իրենց ESTA կարգավիճակը Մաքսային եւ սահմանապահ ծառայության կայքում՝ esta.cbp.dhs.gov

Scroll Up