Թուրքիան կրակների մեջ. պետությունը վերացնում է իր նկատմամբ քրդերի ունեցած հավատի վերջին նշույլները. Tagesschau

Թուրքիայի հարավ-արեւելքում բախումները դիտորդներին Սիրիայի պատերազմն են հիշեցնում. ավերված որոշ վայրեր շատ նման են սիրիայի ռմբակոծված քաղաքների փլատակներին։ Ըստ NEWS.am-ի՝ այս մասին հայտնում է Tagesschau պարբերականը։
Ջիզրե քաղաքում հազարավոր մարդիկ նկուղներում են ապրում, ուտում միայն չոր հաց եւ խմում անձրեւաջուր, քանի որ խմելու ջրի հետեւից չեն կարող դուրս գալ փողոց, որտեղ հսկում են Թուրքիայի բանակի տանկերը եւ կրակում PKK-ի ապստամբները։
Ջիզրեում մի քանի օր առաջ 16-ամյա պատանի էր վիրավորվել փողոցում։ Նա արյունաքամ էր լինում, եւ ոչ ոք օգնության չէր գալիս։ Ընտանիքը շտապ օգնություն էր կանչել, որն այդպես էլ չեկավ։ «Եվ դա միակ դեպքը չէ. ոստիկանությունը շտապօգնությանն արգելում է օգնություն ցուցաբերել վիրավորներին»,- ասում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ էմմա Սինչլայր Վեբը։
Պարբերականը նշում է, որ մարդկանց զայրույթն ավելի շուտ ուղղված է ոչ թե PKK-ի, այլ պետության, քան դեմ, որը զանգվածային ձերբակալություններ է իրականացնում։ Իրավապաշտպանը լուծումն այլ կերպ է տեսնում, քան նռնակներով եւ տանկերով գրոհելը։ «Այս կոպիտ միջոցներով Թուրքիան վերացնում է իր պետության նկատմամբ քրդերի ունեցած հավատի վերջին նշույլները։ 1990-ական թթ. քաղաքացիական պատերազմը վերադարձել է։ Սա հիշեցնում է 20 տարի առաջվա իրավիճակը, երբ մարդկանց վռնդում էին իրենց բնակավայրերից։ Եվ Ջիզրեում որոշ շինություններ հիմա ավելի շուտ Սիրիայի ավերակներն են հիշեցնում, քան Թուրքիայի քաղաքները»,- նշել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը։