Լույս վառի՛ր զինվորի թիկունքում (տեսանյութ)

Մեհրաբի զորամասում երբեք չէի եղել։ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում գտնվող այս զորանոցն արտաքին տեսքից հանգստյան տուն է հիշեցնում։ Այն տեղադրված է անտառապատ լեռների ստորոտին՝ այդ ձորակով հոսող գետի ափին։ Քանի տարի շարունակ գողտրիկ այդ անկյունը եղել է հազարավոր հայ զինվորների տունը: Այսօր նույնպես այնտեղ ծառայում են բազում երիտասարդներ, որոնց հիմնական նպատակն ու առաքելությունը ուժեղ և անվտանգ Հայրենիքն է։

Երևանից Չինարի տանող ճանապարհը բավական երկար է, իսկ ձմռան ամիսներին՝ տեղ֊տեղ նաև վտանգավոր։ «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնության շրջանակներում հավաքված հեռադիտակներն ու զինվորներին անհրաժեշտ այլ պարագաները որոշել էինք դիրքեր հասցնել հունվարի 17֊ին։ Բարեբախտաբար օրն արևոտ էր և ամեն ինչ տրամադրում էր հեռավոր ճամփորդությանն ու մեր պաշտպանների հետ հերթական հանդիպմանը։ Ինչպես և նախորդ այցի դեպքում, այս անգամ ևս մեր խմբին միացան նոր մարդիկ։ Ընկերներ, ովքեր իմանալով մեր նախաձեռնության մասին, անմասն չմնացին և ամեն ինչ արեցին, որպեսզի մեր մեքենան ամբողջությամբ բեռնված բեռնախցիկով դուրս գա մայրաքաղաքից։ Արդյունքում՝ 40 հեռադիտակ (այդ թվում նաև գիշերային տեսողության սարքեր), մեկ տասնյակից ավել լուսարձակներ և այլ պետքական պարագաներ հայտնվեցին սահմանում կանգնած հայ զինվորի ձեռքերում։

Մեզ հետ էր Տիգրան Քոչարյանը՝ հայտնի բլոգեր Փիղը, ով անցած տարվա վերջում Facebook-յան մեկ գրառումով նոր շունչ տվեց նախաձեռնությանը։ Մեզ հետ էր Նարեկ Գալստյանը՝ Սոցիալ֊ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետը։ Ոսկանապատի գումարտակի հետ միասին նա մեկ անգամ արդեն եղել էր առջանագծում։ Անցած տարվա դեկտեմբերի 27֊ին էր։ Հենց այդ օրը Նարեկն իրեն նվիրեց Հայրենիքի սահմանները պաշտպանող տղաներին աջակցելու գործին, պատմեց մեր նախաձեռնության մասին իր ընկերներին, վարակեց նրանց իր խանդավառությամբ և ամանորյա տոներից անմիջապես հետո ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ, ամերիկահայ գործարար Սեդրակ Աճեմյանի անունից 20 հեռադիտակ նվիրաբերեց Բանակին։

Մեզ հետ էին նաև «Սահման» զարգացման ծրագրերի ներկայացուցիչներ Գայանե Գևորգյանն ու Անահիտ Նազարյանը։ Աղջիկները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը հինգ մատի պես են ճանաչում։ Անցած տարիների ընթացքում նրանք նախաձեռնությունն այդ գյուղերի բնակիչների համար մի քանի տասնյակ ջերմոցային տնտեսություններ և մեղվաբուծական ֆերմաներ է հիմնել։ «Սահման» զարգացման ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի գյուղերի արտադրանքը ներկայացվել է Հայաստանի և այլ երկրների խանութներում։ Եվ ահա նրանք միացան նաև «Օժանդակ օգնություն սահմանապահներին» ծրագրին։ Գայանե Գևորգյանը, որը մեր վերջին այցի ընթացքում դեռևս ԱՄՆ֊ում էր գտնվում, տոնական մի քանի օրերի ընթացքում կարողացավ ծրագրի մասնակից դարձնել նաև ամերիկաբնակ իր մի քանի ընկերների, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ձեռք բերել ևս 15 հեռադիտակ՝ այդ թվում նաև գիշերային տեսողության երկու սարք։

Մեզ հետ էին նաև այլ ընկերներ, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի հնարավոր դառնա մեր հերթական այցը Տավուշի մարտական դիրքեր։ Նրանց մասնակցությունն անգնահատելի ներդրում է նախաձեռնության հետագա զարգացման համար։

Զորամասում մեզ դիմավորեցին գնդի հրամանատար Սամվել Մինասյանն ու մի շարք սպաներ։ Մեհրաբի հրամկազմը պարզապես հիանալի թիմ է։ Բոլորը մեծ փորձառություն և մեջքի ետևում թողած փառավոր ճանապարհ ունեն անցած։ Նրանցից մեկը Շուշիի առանձնակի գումարտակի տղաներից էր, երկրորդը՝ մերօրյա հերոս, երրրոդը… Մի խոսքով՝ Մեհրաբում իսկական զինվորներ են ծառայում։ ԶԻՆՎՈՐ բառիս բուն իմաստով։

Գնդապետ Մինասյանն ընդունեց մեզ իր աշխատասենյակում։ Երկար ճանապարհից հետո նրա հյուրասիրությունները չափից ավելի համով և բուրավետ էին թվում։ Իսկ վերջին օրերի զարգացումների մասին նրա պատմությունները՝ խիստ ոգևորիչ։ Նոր տարին զորամասում են դիմավորել։ Գիշերը՝ ժամը 01։20֊ի սահմաններում նրանց է միացել նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը։ Միասին բարձրացել են դիրքեր և ողջ գիշերն այնտեղ անցկացրել։ Բագրատ Սրբազանի և Տեր Արամի մասին գնդի զինվորներն առանձնահատուկ ջերմությամբ են խոսում։ Հոգևոր հայրերը, կարծես, նոր զենք տված լինեն զինվորների ձեռքը։ Իսկ գնդի տարածքում կառուցված փոքրիկ եկեղեցին դարձել է հերթական այն ամրոցը, որտեղ մեր տղաները մշտապես նորոգ և ամուր են պահում հավատքն առ Աստված, առ Հայրենիք և առ սեփական բազկի ուժ…

Մարտական դիրքեր տանող ճանապարհը չափազանց գեղեցիկ է։ Անտառների միջով անցնող ճանապարհի շուրջբոլորը փոքրիկ մատուռներ ու խաչքարեր են թաքնված։ Հրամանատարը, ակնհայտորեն, շատ է լինում այդ սրբատեղիներում։ Նա ուսումնասիրել է յուրաքանչյուր խաչքարի պատմությունը։ Ասում է, որ իր համար չափազանց մեծ նշանակություն ունի նախնիներից ստացված այդ ժառանգությունը։ Այդպես նա հաղորդակից է լինում դարեր առաջ Հայրենիքի այս անկյունը շենացրած մեր անցավորների հետ։

Մեզ հետ բերված հեռադիտակները զինվորներին հանձնեցինք անտառապատ բարձունքում գտնվող մեր մարտական հենակետում։ Տղաներն անչափ ուրախ և շնորհակալ էին։ Տավուշի մարզում ծառայող զինվորներից հաճախ եմ լսել այն մասին, որ առավել շատ իրենց ոգևորում են թիկունքում գտնվող գյուղերի լույսերը։ «Կարևորը գյուղերում շատ լույս վառվի։ Առանց ուժեղ թիկունքի, ոչինչ հնարավոր չէ անել։ Ամեն նոր լույս կրկնապատկում է մեր զգոնությունը, մեր վստահությունը, մեր ուժը։ Թիկունքն է զինվորին զինվոր դարձնում, նրան ուժ տալիս», ֊ ասում է այդ դիրքում ծառայող լեյտենանտներից մեկը։Նրա խոսքերում բարձրագոչ ոչինչ չկար։ Ինքս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ սահմանում կանգնած զինվորի համար այդ խոսքը նույնպիսի բացարձակ ճշմարտություն է, ինչպես այն, որ 2×2 հավասար է 4-֊ի։ Տղաներն ավելի ուրախանում են ոչ այն հանգամանքով, որ ձեռքներին նոր տեխնիկա է հայտնվում, այլ այն փաստով, որ թիկունքում իրենց մասին մտածող քաղաքացիներ կան։ Մարդիկ, ովքեր լույս են վառում սահմանում կանգնած զինվորի թիկունքում։ Ահա թե ինչն է ամենաշատը ուրախացնում մեր պաշտպաններին։ Եվ ուրեմն, նախաձեռնությունը պետք է շարունակել…

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

http://times.am/

Scroll Up