Պատժամիջոցների վերացումից հետո Իրանն ու Հայաստանը կարևոր համաձայնություն են ձեռք բերել

«Իրանն ու Հայաստանը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային միջանցք հիմնելու շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել»,-այդ մասին, ըստ panorama.am-ի, հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին Թեհրանում «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային միջանցք հիմնելու շուրջ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ողջունելով Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև միջազգային միջանցք հիմնելու գաղափարը, շեշտել է հայ և իրանցի վարորդների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու անհրաժեշտությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի և Հայաստանի միջև մեկ այլ փոխըմբռնման հուշագիր էլ ստորագրվել է երկաթգծի ոլորտում համագործակցության մասին: Իրանն ու Հայաստանը նախատեսում են Նորդուզ-Ագարակ հատվածում երկաթուղային կապ հաստատել, որը կնպաստի տարանցիկ բեռնափոխադրումների իրականացմանը: