Աթեշյանը մեկնաբանել է Աղթամարի եկեղեցում պատարագների անցկացման վերաբերյալ կառավարության որոշումը

Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանն անդրադարձել է Վանի  Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն ավելացնելու վերաբերյալ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության որոշմանը, գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթը, Աթեշյան ասել է, որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագների քանակի ավելացումն իրենց համար կարևորություն չի ներկայացնում: Ըստ Աթեշյանի՝ առայժմ կարող են տարին ընդամենը մեկ անգամ պատարագ մատուցել: Պատրիարքի փոխանորդը այս հանգամանքը բացատրել է պատարագի մասնակիցների քանակի նվազմամբ և տարածաշրջանում տիրող իրավիճակով՝ հիշեցնելով, որ 2015 թվականի սեպտեմբերին նախատեսված պատարագը տարածաշրջանում տեղի ունեցող զինված բախումների պատճառով չկարողացան անցկացնել:

Անդրադառնալով Սուրբ Խաչում պատարագներն ավելացնելու որոշմանը՝ Աթեշյանն ասել է. «Առանց այդ էլ պատարագի մասնակիցները տարին 1 անգամ են կարողանում գալ: Նախորդ տարիներին 1000-ից ավել մասնակիցների թիվը նվազել է՝ հասնելով մոտ 500-ի: Այս որոշումը մեզ համար որևէ փոփոխություն չի բերում և պարտադիր բնույթ չունի: Սակայն, եթե արտերկրից ինչ-որ խմբեր գան և մեզ դիմեն պատարագի անցկացման համար, այդ ժամանակ մենք կարող ենք օգտվել մեր այս իրավունքից: Այնուամենայնիվ, մենք ամեն տարի սեպտեմբերի 2-րդ շաբաթվա մեջ պատարագ մատուցելու ենք»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի երկրի կառավարությունը մշակում է բարեփոխումների փաթեթ, որում տեղ են գտել Թուրքիայի ազգային փոքրամասնություններին ուղղված որոշ զիջումներ:

Մասնավորապես,  Վանի  Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագներն այսուհետև կարող են մատուցվել ոչ թե տարին մեկ անգամ, այլ՝ ըստ անհրաժեշտության, ցանկացած ժամանակ:

Scroll Up