Մահմուդ Աբասը Հայաստանի Նախագահին հրավիրել է այցելելու Պաղեստին

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Aztagarabic-ը, հղում կատարելով Palestine News Network-ը, տեղեկացնում է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ քրիստոնյաները այս երկրի աղն են և պիտի մնան իրենց հողում ու երկրում, և ով ցանկանում է նրանց հեռանալը, թող ինքը հեռանա:
Այս մասին Պաղեստինի նախագահը հայտարարել է Բեթղեհեմում Ս. Ծնունդի առիթով հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում: «Այստեղ մենք մեկ ժողովուրդ, մեկ բարեկամություն և եղբայրություն ենք, հավատում ենք Աստծուն, ապրում մեկ երկրում, որը պահպանում ենք: Հետևաբար, երբ ձայներ բարձրացան քրիստոնյաներից, և հատկապես հայերից, ազատվելու մասին, այդ մարդկանց մենք ասում ենք՝ թող մեռնեն իրենց զայրույթով. հայերը պիտի մնան Երուսաղեմում, Ռամալլայում և Բեթղեհեմում,-ասել է նախագահ Աբասը և հավելել,- Մենք տառապում ենք առօրյա սպանություններից ու կոտարածներից, մենք դեմ ենք որևէ մարդու սպանության, անկախ նրա սեռից, ցեղից կամ կրոնից: Մեր դիմադրությունը մնում է խաղաղ, և մենք պիտի համբերենք և հաստատակամ մնանք մեր հողի վրա»:
Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ հայ համայնքի միջոցով նամակ է հղել Նորին գերազանցություն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելելու Պաղեստին, և մենք հույս ունենք, որ նա կընդառաջի մեր հրավերին:
Նախագահ Աբասը Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորել է Պաղեստինի հայ համայնքին, Հայաստանի ժողովրդին և համայն հայությանը, մաղթելով՝ բարիք, սեր և ավելի լավ օրեր քան մեր ապրած այս օրերն են: