Հայաստանը հիշում է քեզ. Երևանում հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը

Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում հիշատակի միջոցառում անցկացվեց: Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը և «Հրանտ Դինք» հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի մոտ ստորագրահավաք անցկացրեցին՝ Երևանի փողոցներից մեկը Դինքի անունով կոչելու նպատակով:
Ստորագրահավաքին միացան մի քանի տասնյակ քաղաքացիներ: Երևանի քաղաքապետարանի մոտ շուրջ մեկ ժամ լուռ ակցիա անցկացնելու հետո կազմակերպիչները հավաքված ստորագրություններով Երևանի քաղաքի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով անվանելու պահանջով դիմում հանձնեցին Երևանի քաղաքապետարան:
Ստորագրահավաքի արդյունքները և դիմումը Երևանի քաղաքապետարան հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: «Հայաստանը հիշում է քեզ». «Մենք բոլորս Հրանտ ենք», «Փողոց, պայքար, ազատություն» վանկարկումներով ակցիայի մասնակիցները Գրիգոր Լուսավորիչ փողոցով հասան Մաշտոցի պողոտա, որտեղից էլ Ամիրյան փողոցով դուրս եկան Հանրապետության հրապարակ: Հանրապետության հրապարակում շարունակվեց ստորագրահավաքը, որին միացան բազմաթիվ քաղաքացիներ: Հանրապետության հրապարակում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ակցիան ավարտվեց մոմավառությամբ: