Հայաստանում խոզի գրիպից մահվան 14-րդ դեպքը գրանցվեց

Հունվարի 15-­ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992դեպք, որից 873­ը` 18­ից ցածր տարիքի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231­ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։

Նրանցից 9-­ին միացված է արհեստական շնչառության սարք: «Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13­ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ­թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի։

Այսօր երեկոյան տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1­-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-­ին` ծայրահեղ ծանր վիճակում»,­ նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ H1N1 վարակից արձանագրվել է մահվան 14 դեպք, որից 3­-ը` 2015 թվականին:

Scroll Up