Հայ եկեղեցին այսօր նշում է Սբ. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ հունվարի 14-ին, նշում է Հովհաննես Մկրտչի`Կարապետի (որն ավետեց Հիսուս Քրիստոսի գալուստը) ծննդյան տոնը: Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը եւ կասկածամտության համար, որպես պատիժ, մինչեւ իր որդու ծնունդը դառնում է համր:
Հովհաննես Մկրտիչը, որը պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել եւ Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռեւս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Սբ. Մկրտչի մորն, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետեւ ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի~ նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: