Թուրքիայի նախագահականի նոր գլխավոր խորհրդականը հայկական հարցի մասնագետ է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/cumhurbaskanligi_cumhurbaskani_danismani_seyit_sertcelik_ermeni_sorunu_haberler_948065h.jpg)
Թուրքիայի նախագահի աշխատակազմում գլխավոր խորհրդական է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր, պատմաբան Սեյիթ Սերթչելիքը:
Թուրքական «Sözcü» թերթի կայքը տեղեկացնում է, որ պատմաբան Սերթչելիքը մասնագիտացված է hայկական հարցի ուղղության մեջ:
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահականի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայկական հարցի մասնագետի նշանակումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամ է, և Ռուսաստանը ռազմավարական մակարդակով ավելի է զարգացնում հարաբերությունները Հայաստանի հետ:
«Ռուսները ճնշեցին, նախագահականն էլ իր առաջին քայլը կատարեց»,- գրում է «Sözcü»-ն՝ նկատել տալով, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Կրեմլը որոշեց Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ստեղծել:
Միևնույն ժամանակ նշվում է, որ ռուս-թուրքական կոնֆլիկտն իր ազդեցությունն է ունենում նաև ղարաբաղյան հիմնախնդրի վրա: