Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքը Սուրբ Ծնունդը նշում է հայկական նորակառույց եկեղեցում.տեսանյութ

Իրաքյան Քուրդիստանի Դըհուկ քաղաքում վերջերս կառուցված հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում հայ համայնքը նշում է Սուրբ Ծնունդը: Այն կառուցվել է քաղաքի հայկական «Հավրեսկ»՝ Հայ Վրեժ թաղամասում: Այս մասին հայտնում է <Երկիր Մեդիան>:
Այստեղ հայության թիվն աստիճանաբար մեծանում է. տեղափոխվող հայերն Իրաքի կենտրոնական եւ վտանգված հատվածներից են։ «Մենք պահպանել ենք մեր ավանդույթները, մասնավորապես՝ Սուրբ Ծնունդը: Ճիշտ է, որ շատ քրիստոնյաներ տոնում են այն դեկտեմբերի 25-ին, սակայն նրանք նշում են մեզ հետ նաեւ հունվարի 6-ին: Մենք այն նաեւ «Մկրտության օր» ենք կոչում»,- ասել է Դըհուկի շրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Ադաբեք Մաբորոսյանը: Իրաքում ապրում է շուրջ 10 հազար հայ: Քրդական ինքնավարության խորհրդարանում հայ պատգամավոր Երվանդ Նիսանի տվյալներով, 3 հազարը բնակվում է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում՝ հիմնականում Զախու քաղաքում, որտեղ հայկական 3 եկեղեցի կա: Դըհուկի Սուրբ Ներսես Շնորհալին հայկական չորրորդ եկեղեցին է: Սուրբ Ծնունդին այստեղ հավաքվածներն աղոթում են նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատաման համար: «Մենք աղոթում ենք նաեւ Իրաքի բանակի եւ Փեշմերգայի համար, որպեսզի նրանք դուրս բերեն մեզ այս ճգնաժամից: Խնդրում ենք Հիսուս Քրիստոսին տալ իր օրհնությունը նրանց, նաեւ մեզ, մեր եկեղեցուն եւ աշխարհի բոլոր մարդկանց»,- ասել է հավատացյալներից մեկը:
Տարածաշրջանի անկայուն վիճակն ազդել է նաեւ սուրբծննդյան տոնակատարությունների վրա: «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի պատճառով, այս տարի կրճատվել է արարողությունների թիվը: