Օգնության ձեռք հեռավոր Ակտոբեից

ՀՀ Մխչյան գյուղի բնակիչ Մվետա Պողոսյանը երկու անչափահաս զավակների հետ հայտնվել էր անելանելի վիճակում։ Ամուսինը՝ Արայիկ Միքայելյանը, մեկնել էր արտագնա աշխատանքի, սակայն ոչ միայն չէր կարողանում որևէ կերպ թեթևացնել ընտանիքի հոգսը (չորսամյա որդին տառապում է մանկական ուղեղային կաթվածով (պարալիչ), իսկ տասնամ­յա դուստրը ստիպված է լինում բացակայել դասերից տաք հագուստ չունենալու պատ­ճառով։ Ի լրումն այս ամենի՝ ամուսինն էլ զանգեց ու հայտնեց, որ իրեն Ղազախստանից վտարելու վճիռ են կայացրել՝ երկրում մնալու ժամկետը խախտելու համար, և ինքը պիտի մինչև դեկտեմբերի 25-ը լքի երկիրը, մինչդեռ փող չունի վերադարձի տոմս գնելու համար։

Երկուսն էլ շվարել էին և չգիտեին՝ ինչ անեն։ Արայիկը որոշել էր դիմել Ուրալսկի հայ­ական համայնքին, բայց այստեղ ասել էին, որ օգնել չեն կարող։ Թվում էր՝ ոչ մի հույս չկա։ Բայց օգնության հասավ Ակտոբեի մարզի «Ուրարտու» հայկական համայնքը (որտեղի՜ց որտեղ)։ Միայն հայասեր և սրտացավ մարդը կարող էր այդպես արագ և անսխալ գործել։ Մհեր Տերտերյանի մտքով անգամ չանցավ ասել, թե թող Արայիկը դիմի Ուրալսկի համայնքին. չէ՞ որ նա Ուրալսկում է, այլ անմիջապես հեռախոսով կապվեց Արայիկի հետ, ճշտեց խնդրի մանրամասները, նրա մոտ ուղարկեց վստահելի մարդկանց, ովքեր օգնեցին հաղթահարել ադմինիստրատիվ խոչընդոտներ, գնեցին Ուրալսկ-Ակտաու-Երևան ինքնաթիռի տոմս, օգնեցին մարդուն վերադառնալու հայրենիք, միանալու ընտանիքին։ Եվ այս ամենն արեցին այնպիսի արագությամբ, որ երբ Արայիկն այս բարի լուրը հայտնել էր կնոջը, վերջինս թերհավատությամբ էր վերաբերվել։

–            Մի՞թե ճիշտ է, որ ամուսինս դեկտեմբերի 30-ին Հայաստանում կլինի,-հարցրեց նա դողացող ձայնով, իսկ երբ լսեց, որ դա իրողություն է, չկարողացավ զսպել արցունքները։ -Սա ամենալավ նվերն է իմ երեխաների համար։ Ամանորը նրանք կդիմավորեն իրենց հայրիկի հետ։ Թող Աստված երջանկություն տա այն մարդուն, ով երջանկություն բերեց ինձ ու իմ երեխաներին։

Այս բարեմաղթանքը Ձեզ է ուղղված, հարգարժան Մհեր Տերտերյան, և Ղազախստանի Ակտոբեի մարզի «Ուրարտու» հայկական համայնքի հարգելի ղեկավարներ։ Թող Աստծո աջը հովանի լինի Ձեզ։

Մենք նույնպես միանում ենք այս բարեմաղթանքին և ասում ենք՝ շնորհակալություն։

Անահիտ Զոհրաբյան

Scroll Up