Արամ Առաջին. Այսօր մարդը մարդուն թշնամին է դարձել

Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Սուրբ պատարագ է մատուցվել Սուրբ ծննդյան տոնի առիթով: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսրանի պաշտոնական կայքից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը հղել է պատգամ՝ նշելով, որ այսօր չարը զանազան դիմակներով և կերպարներով սկսում է իր տիրապետությունը հաստատել մարդկութայն մեջ. «Այսօր, դժբախտաբար, մարդը մարդուն թշնամի է դարձել Աստծո անունով: Մարդը սպանում է իր նմանին Աստծու անունով: Կրոնը կոչված է Աստծու և մարդու միջև հարաբերություն ստեղծել»:
Խոսելով Միջին Արևելքի ներկա վիճակի մասին, Վեհափառ Հայրապետը նշել է, որ Միջին Արևելքը գտնվում է իր պատմության ճակատագրական մի հանգրվանում. «Մենք մերժում ենք ամեն տեսակի բռնություն՝ տեսանելի, թե անտեսանելի: Մենք մերժում ենք կրոնի օգտագործումը որևէ մեկի կողմից: Մերժում ենք փոքրամասնությունների և քրիստոնյաների նկատմամբ ցուցաբերված անմարդկային մոտեցումները: Երկար դարեր Միջին Արևելքը դարձել է կրոնների, մշակույթների, քաղաքակրթությունների համակեցության վայր՝ հակառակ գոյություն ունեցող տարբերությունների: Բազմազանության դեմ ուղղված հարվածը վտանգում է այս շրջանի ապագան: Միջին Արևելքում հայ ժողովուրդը հաստատվել է 10-րդ դարից, Կիլիկյան հայկական թագավարության ժամանակներից սկսած ապրելով այս միջավայրում՝ պահել է իր կրոնական և մշակութային ինքնությունը: Այսօր իրավունք չունեն մի խումբ ծայահեղականներ խախտել Միջին Արևելքում արմատացած կրոնների, մշակույթների, ազգերի խաղաղ գոյակցությունը: Նման վիճակում մենք հավաքական պատասխանատվություն ունենք»:
Խոսելով Լիբանանի ներքին կացության մասին, Արամ Առաջինը շեշտել է նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Արամ Առաջինի սուրբծննդյան պատգամն ամբողջությամբ՝ սկզբնազբյուր կայքում: