Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները մասնակցեցին միասնական աղոթքի և տարեվերջյան պարահանդեսի

Դեկտեմբերի 27-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» շուրջ հինգ հարյուր սաներ մասնակցեցին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հանդիսությունների սրահում կայացած տարեվերջյան պարահանդեսին։ Մինչ պարահանդեսը երիտասարդները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը՝ իրենց միասնական աղոթքն առաքելով աշխարհի խաղաղության համար։ Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

Պարահանդեսում ներկաներին իր օրհնությունն էր բերել թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Սրբազանը ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ մաղթելով, որ Տիրոջ ամենակարող Աջը հովանի լինի «Հայորդյաց տան»  հովանավորներին, անձնակազմին, սաներին, նրանց ծնողներին, քանի որ բոլորի ջանքերի շնորհիվ են կրթօջախի սաները մի շարք հաջողությունների հասել, որոնցից վերջիննամռանը Համահայկական հայագիտական օլիմպիադայում տարած բացարձակ հաղթանակն էր։

Այս տարի ևս «Հայորդյաց տանը» կազմակերպվող միջոցառումներում ակտիվորեն մասնակցելու համար «Հավատի և հավատարմության» պատվոգրով Սրբազանի ձեռամբ պարգևատրվեց տասը երիտասարդ։ Նրանք էին՝ Սերգեյ Ալավերդյանը, Լևոն Սարիբեկովը, Ֆլորա  Նազարյանը, Սերգո Պետրոսյանը, Արայիկ Խաչատրյանը,  Լիլիթ Բեգլարյանը,  Սևակ Կիրակոսյանը, Դիանա Ստեփանյանը, Սևակ Խաչատրյանը, Ալբինա Իջյանը։

Այս տարիպարահանդեսի կազմակերպումը վստահվել էր Մոսկվայի «Հայորդյաց տան» «Գավիթ» թատրոնի ռեժիսոր Համլետ Ղալեչյանին։ Երեկոն վարում էին նույն թատրոնի դերասաններ Անաստասիա Թորոսյանն ու Արթուր Թաշյանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ նույն օրը լրանում էր «Գավիթի» հիմնադրման 6-րդ տարին, ինչի կապակցությամբ «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը բոլորի անունից շնորհավորեց «Գավիթի» անձնակազմին։ Դիմելով ներկաներին՝ Տեր Առաքել քահանա Ամիրյանը նշեց, որ «Գավիթն» այն եզակի թատրոնն է, որն իր  ներկայացումներում ոչ միայն օրհասական խնդիրների է անդրադառնում, այլև որոշ ներկայացումներ հայերեն են լինում։

Երեկոյին դասարանները ներկայացել էին մեկական հումորային, յուրօրինակ համարով, որը մատուցվեց երգի, պարի, բեմականացման տեսքով։ Իսկ «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը և ուսուցիչների մի մասը երեկոյի համար առաջարկեցին ժամանակակից և արդեն իսկ դասական դարձած երգեր՝ համալրելով երեկոյի համար առաջարկվող երգացանկը։

Պարահանդեսը «Հայորդյաց տան» սաներին միմյանց հետո մեկ այլ միջավայրում շփվելու, միմյանց ավելի լավ ճանաչելու և հայկականը պահպանելու ձգտման հնարավորություն տվեց։ Նրանք պարահանդեսից հեռացան դրական էմոցիաներով, գեղեցիկ հիշողություններով և միմյանց ու ապագայի հանդեպ հավատով լցված։

1 3 4 5 6

Scroll Up