Ստամբուլում «Անիի ավերակները» գիրքը հայերենից թուրքերեն է թարգմանվել

Թուրքիայում հայերենից թուրքերեն է թարգմանվել Հայաստանի պատմական մայրաքաղաք, 1001 եկեղեցու քաղաք Անիի հազարամյա պատմությունը ներկայացնող «Անիի ավերակները» գիրքը:

Վանահայր Գրիգոր Բալաքյանի` 1910-ին հրատարակված գիրքը թարգմանել են Սաթենիկ Ուստան և Անահիտ Հազարյանը:Գրքի թարգմանված տարբերակը «Անցյալի հոգնատանջ վկաները՝ Անիի ավերակներ» վերնագրի ներքո հրատարակել է Ստամբուլի «Փարոս» հրատարակչությունը:Այս մասին «Ակոս» թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Դեկտեմբերի 14-ին Ստամբուլում Հունաստանի դեսպանության մշակութային կենտրոնում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել ենԿ. Պոլսի և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանը, գրքի հովանավոր Պետրոս Շիրինօղլուն, Սևծովյան տնտեսական համագործակցության հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ավագյանը և Յենիքյոյի հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Լաքի Վինգասը:

Անիում վերականգնողական աշխատանքներ իրականացնող ճարտարապետ Իսմաիլ Յավուզ Օզքայան կարևորել է Նիկողայոս Մառի և նրա թիմի անգնահատելի ներդրումը Անիի վերաբերյալ պատմահնագիտական աշխատանքներում: Մառը մինչև 1917-ը զբաղվել է Անիի վերաբերյալ գիտական ուսումնասիրություններով և հայոց պատմական մայրաքաղաքի պեղումներով:

Scroll Up