Պատմաբան. Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում պետք է օգտագործել ազդեցիկ ուժային կենտրոնների հետ Թուրքիայի հակասությունները

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ տեղի է ունեցել պատմաբան, «Օրենքի ուժով» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների` Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում» գրքի շնորհանդեսը:

Եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) մենագրությունում ներկայացված են համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության՝ Թուրքիայի հետ հարաբերությունների ներկա վիճակը և այդ հարաբերություններում առկա հակասությունների ու շահերի բախման համատեքստում Հայոց ցեղասպանության հիմնահարցը: Ներկայացված են նաև առաջարկներ ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ի և Սփյուռքի լոբբիստական կառույցների կողմից հատկապես Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման և փոխհատուցման հարցում նշված ուժային կենտրոններում համապատասխան բարենպաստ տրամադրվածություն ստեղծելու ուղղությամբ:

Գիրքը ներկայացնելիս հեղինակը, նշելով, որ այն պատմաքաղաքագիտական աշխատություն է, ասել է, որ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համատեքստում ներկայում համաշխարհային ազդեցիկ ուժային կենտրոնների դիրքորոշումից շատ բան է կախված այն իմաստով, որ նրանք առնվազն դրական տրամադրվածություն ունենան և չխոչընդոտեն առաջիկայում հնարավոր իրավական գործընթացին: Պատմաբանը, նախադեպային օրինակներ վկայակոչելով, կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է համապատասխան դիվանագիտական և լոբբիստական աշխատանքներ տանել՝ թույլ չտալու համար, որ պատվեր իջեցվի միջազգային դատական ատյաններին, ինչպես դա տեղի ունեցավ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի դեպքում, կամ մինչև այդ՝ 1996 թ., երբ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միակողմանիորեն որպես ցեղասպանություն որակեց սերբերի կողմից բոսնիացի մահմեդականների ջարդերը Սրեբրենիցայում՝ մերժելով նույն համատեքստում Սերբիայի հակընդդեմ հայցը:

Պատմաբանը նշել է, որ հաշվի առնելով Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ ու շարունակող պետության՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքականությունը, որը դեռևս 19-րդ դարի 70-ական թվականներից ուղղված էր Մեծ տերությունների հակասություններն օգտագործելով Հայկական հարցի լուծումը վիժեցնելուն՝ գրքում փորձել է ցույց տալ, որ թուրքերի այդ զենքը պետք է ուղղել հենց իր՝ Թուրքիայի դեմ:

«Ահա այս մտահոգությունները և խնդիրները հանգեցրին ինձ՝ գրելու ներկա աշխատությունը: Հարկավոր է լրջորեն ուսումնասիրել Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա-ԵՄ, Թուրքիա-Ռուսաստան փոխհարաբերությունները, վեր հանել դրանցում առկա հակասությունները, շահերի բախումները և դրանք փորձել օգտագործել Թուրքիայի դեմ՝ Հայոց ցեղասպանության հարցում այդ ուժային կենտրոններում անհրաժեշտ տրամադրվածություն ստեղծելու համար», –ArmenianGenocide100.org-ի տեղեկացմամբ՝ նշել է Արմեն Մարուքյանը:

Ըստ հեղինակի՝ հետազոտության միջոցով, որն իրականացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում, նախ ներկայացվել են այդ հակասությունները, և փորձ է արված չեզոքացնել այն կարծրատիպը, թե իբր Թուրքիան փայլուն հարաբերություններ ունի այդ ուժային կենտրոնների հետ: Ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի պարագայում, որի հետ հարաբերությունները սրվեցին վերջին զարգացումների առնչությամբ, այլև նույնը կարելի է ասել թուրք-ամերիկյան հարաբերությունների և Եվրամիության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Արմեն Մարուքյանի համոզմամբ՝ պետք է ապացուցել, թե գերտերություններն ինչ շահ կարող են ունենալ Ցեղասպանության հետևանքները հաղթահարելու դեպքում և այդ ուղղությամբ Հայաստանին աջակցելիս:

«Անշուշտ, կարևոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նախատեսված՝ Ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար իրավական պահանջների թղթածրարի մշակումը: Սակայն գաղտնիք չէ, որ միջազգային իրավունքի և հատկապես նրա նորմերի կիրառման վրա լուրջ ազդեցություն ունեն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացները, միջազգային հարաբերություններում ուժերի վերադասավորումները: Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման միջազգային իրավական գործընթացը պետք է լրջորեն նախապատրաստված ու ապահովագրված լինի դրան նախորդող ու դրա հետ զուգահեռ տարվող քաղաքական-դիվանագիտական գործընթացներով: Պետք է իրավական գործընթացն առաջ տանենք այն ժամանակ, երբ պատրաստ կլինենք, և բարենպաստ կլինի միջազգային դրությունը: Իսկ իրավիճակն այժմ բարենպաստ է Թուրքիայի չափազանց հավակնոտ քաղաքականության առումով. պետք է օգտագործենք մեր հնարավորությունները՝ փորձելու ազդել այն ուժերի վրա, որոնք կարող են ազդել Թուրքիայի վրա»,- ընդգծել է պատմաբանը:

Շնորհանդեսին ներկա մի շարք մասնագետներ ևս ընդգծել են գրքի կարևորությունն ու արդիականությունը: Դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, մասնավորապես, ընդգծել է. «Շատ այժմեական է այս գիրքը, թեկուզ միայն այն պատճառով, որ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին սրացման համատեքստում, որը բնականաբար առնչվում է նաև Հայաստանին, և այդ ամենի վերաբերյալ ներկա տեղեկատվական մեծ հոսքի պայմաններում նման մասնագետի՝ գիտնականի կարծիքն ունի շատ մեծ նշանակություն»:

Գրքի խմբագիր, պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պատմ. գիտ. թեկնածու Համո Սուքիասյանն ընդգծել է՝ պատմությունը և ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը ցույց են տալիս, որ, միևնույն է, ազդեցիկ ուժային կենտրոնները շահարկելու են Հայոց ցեղասպանության հարցը, և հետազոտողների խնդիրն է դիտորդի դերում չմնալ, ուսումնասիրել և ներկայացնել եզրակացություններ, ինչու չէ, նաև՝ առաջարկներ:

ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը նշել է, որ աշխատության միջոցով մի նոր ուղղություն է կարևորվում, որի վերաբերյալ թեև աշխատություններ ներկայացվել են, բայց սա առանձնանում է նրանով, որ համապարփակ ներկայացվել է հիմնահարցը:

«Այսօրվա միջազգային հարաբերությունների համատեքստում Թուրքիայի վրա պետք է ազդեցիկ ճնշում գործադրվի, որպեսզի պետական մակարդակով վերջինս առերեսվի սեփական պատմությանը: Այսօր իրավիճակն աշխարհում, մեր տարածաշրջանում շատ դինամիկ է զարգանում, և նման հեռանկարը ֆանտաստիկայի ժանրից չէ։ Մենք նման զարգացումներին պետք է պատրաստ լինենք։ Պետք է պատրաստ լինենք առաջին հերթին նաև նման հետազոտությունների շնորհիվ»,- ընդգծել է նա:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը հեղինակ է Հայոց ցեղասպանության և հարակից հարցերի վերաբերյալ մի շարք աշխատությունների, այդ թվում՝ «Ռուսաստանը և Հայոց ցեղասպանությունը 1915-1917 թթ.» (2004թ.), «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և պատմաիրավական հիմնավորումները» (2014թ.), «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» (2014թ.):

Scroll Up