Ղազախստանի Կոստանայ քաղաքում հայկական համայնքը տոնական համերգով է հանդես եկել

Ղազախստանի Կոստանայ մարզի «Էրեբունի» հայկական համայնքը Կոստանայ քաղաքում կազմակերպել էր նախատոնական հաշվետու համերգ` Հրաչ և Գայանե Մարտիրոսյանների ղեկավարությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Գայանե Մարտիրոսյանը:
Համերգային ծրագիրը կազմված էր այնպես, որ մասնակիցները հնարավորություն ունենային հաղորդակցվելու հայի հոգուն, հայկական մշակույթին և հայոց լեզվին։ Համերգին մասնակցում էին նաև այլ համայնքների ներկայացուցիչներ, ովքեր կատարեցին ֆրանսերեն, ռուսերեն և ղազախերեն երգեր։ Մասնակիցները հիացմունքով ընդունեցին «Լեզգինկա» պարը, իսկ երբ հայ տաղանդավոր երիտասարդները կատարեցին մեր ավանդական «Քոչարին», «Կինտոների պարը» և հայկական ժողովրդական երգեր, դահլիճը թնդաց բուռն ծափահարություններից։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ Կոստանայ մարզի «Էրեբունի» հայկական համայնքի նախագահի տեղակալ Հրաչուհի Գևորգյանը։ Համերգի կազմակերպիչները անակնկալ էին պատրաստել փոքրիկ հանդիսատեսների համար. բոլորին, առանց բացառության, հանձնվեցին քաղցր նվերներ։ Ի դեպ, նվերներ ստացան նաև մեծահասակները։ «Էրեբունի» համայնքի խորհրդի անդամ Սերգեյ Սարգսյանը հոգացել էր, որ, հայկական երաժշտություն, զվարճալի երգեր ու պարեր վայելելուց զատ նրանք էլ ճաշակեն հայկական քաղցրավենիք։
Հավելենք, որ նման միջոցառումներ հաճախ են կազմակերպվում «Էրեբունի» հայ համայնքի կողմից՝ այդպիսով հայրենիքից հեռու ապրող հայերին օգնելով մտովի հաղորդակցվել հարազատ մշակույթի, մայրենիի հետ ու հավատարիմ մնալ ազգային արմատներին: