Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն այցելեց Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին:
Ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ու դրանով պայմանավորված հեռանկարները Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման, զբոսաշրջության աշխուժացման, նախարարության ծրագրերին ցուցաբերվող աջակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Սփյուռքի 7 միլիոն հայությունը տնտեսական, գիտական հզորություն է, բիզնես հնարավորություններ: Մեր գլխավոր գործը համարում ենք տարբեր մասնագիտությունների գծով ցանցերի ստեղծումը: Բայց աշխատանքները դժվարանում են ռեսուրսների պակասի պատճառով: Ստեղծել ենք շտեմարան ծրագիրը և փորձում ենք հավաքել սփյուռքի ներուժի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ ցանցային մասնագիտացված ինստիտուտ ստեղծելու համար»:
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, արդյունավետ երկխոսության համար:
Անդրադարձ կատարվեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսման, տնտեսական, մշակութային կապերի ընդլայնման հնարավորություններին:
Խոսվեց Հայաստանում սիրիահայերի ինտեգրման դժվարությունների, նրանց բնակարանային և աշխատանքի տեղավորման խնդիրների մասին: Քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հարցեր: