Սահմանին կանգնած հայ զինվորը մեր երկրի ուժն է. Շուշան Պետրոսյան

Սահմանին կանգնած զինվորից է կախված մեր երկրի բարօրությունը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանի լարված իրավիճակին:

«Ինձ համար առաջնայինը մեր սահմանի խաղաղությունն է, մեր տղաների, մեր արծիվների անփորձանք ծառայությունն ու մեր` իրենց մեջք լինելն ու ոգեղեն սատար կանգնելը։ Դա ամենակարևոր հարցն է այսօր և դրանից է կախված մեր երկրում կատարվող ցանկացած բարեփոխման ճիշտ ընթացքի մեջ ընկնելը»,- ասաց նա:

Շուշան Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանի անփոփոխ ձեռագիրն է, բոլոր կարևոր հանդիպումներից առաջ ու հետո իրենց իրական դեմքը ցույց տալ:

«Նաև մեզ համար կարևոր նշանակություն ու խորհուրդ ունեցող օրերին՝ հունվարի 28-ին, ապրիլի 24-ին, մայիսի 9-ին, սեպտեմբերի 21-ին, իրենց իրական դեմքը ցույց տալ: Իհարկե, մենք գիտենք այդ մասին և միշտ համարժեք քայլեր արվում են` կանխելու այդ ստոր, փոքրոգի ստահակների քայլերը, բայց պատերազմն ունի իր օրինաչափությունը, ու շատ եմ ցավում, բայց մենք էլ ենք կորուստներ ունենում։ Յուրաքանչյուր վատ լուր լսելիս ողջ ազգը տառապում է, ողբում է, ցասումը դառնում է անկառավարելի ու բոլորը մի մարդու նման կորուստն ընկալում են որպես հենց իրենցը, անձնականը… Հավատացած եղեք, ամեն զոհի հետ ես էլ մի քիչ մեռնում եմ։ Ախր էդ իմ երկրի, իմ ընտանիքի տղան է, իմ զինվորը…»,-ասաց նա:

Շուշան Պետրոսյանի ցանկությունը մեկն է՝ խաղաղություն. «Ամեն երկիր ունի սահման ու սահմանապահ, մենք էլ ունենք, պարզապես հարևանի առումով բախտներս չի բերել։ Երազանքս մեկն է՝ ուզում եմ, որ մեր զինվորները, սահմանապահները անփորձանք ու խաղաղ, արժանապատվորեն անցնեն ծառայությունը ու վերադառնան իրենց մայրերի գիրկը, գան իրենց տաքուկ տները, ընտանիք կազմեն, զավակներ ունենան: Հիմա խոսում եմ Ձեզ հետ ու արցունքներս գնում են, երբ մտածում եմ քանի-քանի ընտանիք չկազմվեց, ինչքան հայ մանչուկներ չծնվեցին… ինձ համար ողբերգություն է, երբ սահմանի սրացումներից ու կորուստներից հետո մեկ էլ կարդում եմ որոշ «հայեր»-ի արձագանքներ ու մի քննադատական խիստ միտք, ի՞նչ միտք, թշնամուն քննադատող բառ չեմ գտնում … ինչպե՞ս , այդ ինչպե՞ս: Մենք փայլուն հրամանատարներ ունենք, որոնք օրերով ի՞նչ տուն, անգամ աշխատասենյակ չեն գնում, իրենց զինվորների կողքին են` խրամատներում։ Փա՛ռք ու պատիվ մեր հրամանատարներին, մեր զինվորներին։ Շատ դեպքերում իրենք են կատարում պատժիչ գործողությունները` կանխավ հրաման արձակելով, որ զինվորները մնան իրենց տեղում։ Հարմարավետ, տաքուկ տներում նստած` Հայոց բանակը, հայ սպային քննադատողն ո՞վ է, եթե ոչ դավաճան։ Կարտահայտվի՞ այդ նույն «քաջությամբ»` տղերքի աչքերին նայելով, դեմ դիմաց կանգնած, թե՞ սուրը միայն վիրտուալ տիրույթում է կտրում»:

Ամիսը մեկ-երկու անգամ սահման այցելող Շուշան Պետրոսյանը համակարծիք չէ, որ սահմանին կանգնած են միայն խեղճ ու կրակ ընտանիքների երեխաները, իսկ պաշտոնյաների տղաները իրենց տաքուկ տներից դուրս չեն գալիս: Շատերին անձամբ է ճանաչում։

«Այդ ասողները եղե՞լ են սահմանում, տեսե՞լ են, ինչ ապահով ընտանիքներից ծառայող երեխաներ կան։ Ո՞նց կարելի է այդպես անգետ, չար ու այդքան սիրողական մակարդակի գիտելիքներով ուղղակի բողոքի ալիք բարձրացնել ու ինչ-որ բան ասել` ուղակի ասելու համար: Գիտե՞ք, ընկերներ ունեմ լավ կրթությամբ, աշխատանքով ապահովված, մեկի որդին Մատաղիսում է ծառայում, մեկը Տոնաշենում, մեկը Թալիշում երկուսը Մարտակերտում: Ամեն անգամ մեկնելիս հարցնում եմ`  ի՞նչ կա տանելու։ Հեռու է, միշտ հեշտ չի գնալը, բայց ես սովորել եմ ու ամսվա մեջ մեկ-երկու անգամ գնում-գալիս եմ»– ասաց նա և ավելացրեց, որ չի բացառում, որ հակառակ օրինակներ չկան, բայց միանշանակ, կուրորեն բոլորին նույն պիտակով դրոշմելը համարում է սխալ։

«Իհարկե չենք կարող բացառել, որ անարդարություններ լինում են, իսկ կա՞ մի ոլորտ, ուր մարգարեական արդարությամբ անսխալականներ են գործում։ Մեզ այսօր, ավելի քան երբևէ, սեր է պետք, իրար սատար կանգնել է պետք, ոգի է պետք։ Սահմանը պահող զինվորն ունի մի խնդիր, մի հակառակորդ, մի թիրախ ու նրան բոլորովին հետաքրքիր չեն ձեր ամբիցիաները, ձեզ ոչ հասու ոլորտներից «հեղինակավոր» ու դատարկ կարծիքներ հայտնելը։ Հայաստանի քաղաքացին իր երկրի սահմանը պահող զինվորին միայն իր ուժեղ, ոգեղեն գաղափարով պետք է ծառայի։ Հայոց բանակը միակ մարմինն է, միակ տեղը, ուր կուսակցությունն ու գաղափարը մեկն է` Հայրենիքը»,-ասաց նա:

Scroll Up