​Գերմանիայի Լեեր քաղաքում հայկական խաչքար տեղադրած Ալբերտ Թովմասյանը դիմում է Երևանի քաղաքապետին

Գերմանիայի Լեեր քաղաքի քաղաքային խորհուրդը թույլատրել է քաղաքի Կենտրոնական այգում տեղադրել Լեերի ու Երևանի բարեկամությունը խորհրդանշող նստարաններ, որոնք այսօր նորաձև են Հայաստանում: Այս մասին Անկախ-ի թղթակցին հայտնել է գերմանաբնակ մեր հայրենակից Ալբերտ Թովմասյանը, որի ջանքերով այս տարվա հոկտեմբերի 10-ին Լեերում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական խաչքարի օծման արարողությունը: Գերմանիայի Ներքին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքը տևական ժամանակ պատրաստվում էր նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ այն նշանավորելով Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքարով: Թուրքիան պարբերաբար բողոքի նոտա էր հղում Լեերի քաղաքապետարան ՝ փորձելով խափանել հայկական նախաձեռնությունը: Սակայն Լեերի միակ հայ ընտանիքն՝ ի դեմս Ալբերտ Թովմասյանի, կարողացավ հաղթել ոչ միայն թուրքական կառավարությանը, այլև անգամ Էրդողանի գրասենյակին՝ ստանալով խաչքարը տեղադրելու մասին եվրոպական առաջադեմ երկրի թույլտվությունը: Գերմանական այս քաղաքում հայկական ներկայությունն ընդլայնելու հետ կապված՝ Ալբերտ Թովմասյանն ունի մեծ ու հեռահար ծրագրեր: Նրա ցանկությունն է, որ Հայկական խաչքարն ընդգրկող այգին մի օր կրի Հայկական պուրակ անվանումը: Ահա թե ինչու նա կարևոր է համարում նաև Լեերի քաղաքային խորհրդի որոշումը՝ նստարաններ տեղադրելու թույլտվության մասին: “Շատ կցանկանայի, որ Երևանի քաղաքապետարանն այս հարցում աջակցեր մեզ: Գերմանական այս քաղաքն էլ ունի զբոսաշրջային մեծ նշանակություն, այստեղ գալիս են աշխարհի տարբեր երկրներից: Նրանց կանգառներից մեկն անշուշտ Կենտրոնական այգին է, որտեղ վեր է հառնում հայկական խաչքարը, որի վրա փորագրված է Հայոց ցեղասպանություն, մեկուկես միլիոն զոհեր, հայ. այսինքն՝ սա կարող է ունենալ քարոզչական մեծ նշանակություն: Նստարանների տեղադրումը ևս մեկ քայլ է, որով մենք կմոտենանք մեր ծրագրի իրականացմանը»,-նշեց Ալբերտ Թովմասյանը:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Scroll Up