Ալմելոյում նշել են Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադրման 125-ամյակը
Դեկտեմբերի 13-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Հայ առաքելական եկեղեցու «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադրման 125 ամյակին նվիրված միջոցառում: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հ.Յ.Դ. «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ Մինաս Արսենյանն, ով անդրադարձավ կուսակցության անցած ճանապարհին:
Ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով խոսեց սփյուռքում կուսակցության կատարած դերի ու նշանակության և ներկայումս հայ քաղաքական կուսակցությունների ձևավորման գործում նրա դերակատարության մասին: Դեսպանը, մասնավորապես, ասաց, որ անցած ժամանակահատվածում կուսակցությունը «…դարձել է հայ մարտիկի կերպարը ներկայացնողը: Եվ պատահական չէր, որ ղարաբաղյան շարժման սկզբներին այս կուսակցությունը դարձավ թիկունքներից մեկը, ջահակիրներից մեկը հայ ազգային շարժման և’ զարթոնքի, և’ իրականացման»:
Տոնական միջոցառման բանախոս Հ.Յ.Դ. Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանն անդրադարձավ կուսակցության անցած ճանապարհին, նրա առջև կանգանծ խնդիրներին ու առաջիկա անելիքներին: Ներկաներին իրենց խոսքն ուղեցին նաև Հ.Յ.Դ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ատենապետ Նուպար Վարդանյանը և Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանը:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ պատմաբան Արա Գրիգորյանի՝ «Քրիստափոր Միքայելյան» գրքի շնորհանդեսը: