Տարոն Մարգարյան. Երեւանի եւ Իրանի գործընկեր քաղաքների միջեւ հաստատված բարեկամական կապերը ջերմ են

Այսօր իսկապես մեծ ներուժ կա Հայաստանի ու Իրանի քաղաքների միջեւ հաստատված հարաբերություններն առավել գործնական փուլ տեղափոխելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ողջունելով դեսպանին` քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ Երեւանի եւ իրանական քաղաքների միջեւ առկա ջերմ բարեկամական կապերն այսուհետ եւս կզարգանան ու կկրեն գործնական բնույթ:
«Հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը` մենք անչափ կարեւորում ենք նաեւ փոխգործակցության ամրապնդումն ու ընդլայնումը նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի: Երեւանի եւ Իրանի գործընկեր քաղաքների միջեւ հաստատված բարեկամական կապերը ջերմ են, տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցությունն էլ արդյունավետ: Ըստ այդմ, մենք պատրաստակամ ենք նմանատիպ կապեր հաստատել նաեւ մայրաքաղաք Թեհրանի հետ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար` դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործուն աջակցությունը կունենա Երեւանի եւ իրանական քաղաքների միջեւ կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաեւ կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի փոխգործակցություն ծավալվի նաեւ Երեւանի եւ Թեհրանի միջեւ:
«Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու երկրների քաղաքների միջեւ հաստատված հարաբերություններն առավել գործնական փուլ տեղափոխելու համար: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանն ականատես եղա Երեւանում, արդեն իսկ բավարար են արձանագրելու, որ Երեւանը դինամիկ զարգացող քաղաք է եւ մեծ ներուժ ունի փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Ու վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ ամեն ինչ, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործնական կապեր հաստատվեն նաեւ Երեւանի ու Թեհրանի միջեւ, ինչը, համոզված եմ, կլինի երկուստեք հաջողված ու արդյունավետ»,-նշել է դեսպանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին կարեւորել է իրանական քաղաքների հետ հաստատված համագործակցության ընդլայնումը, մասնավորապես ներդրումային դաշտի ակտիվացման, զբոսաշրջության զարգացման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման ուղղությամբ, եւ առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի ու կներկայացնի համագործակցության ընդլայնման համապարփակ ծրագիր: