Լիտվացի արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի գիրքը Ջուղայի հայկական հուշարձանների մասին

«Մատերանադարան»-ում դեկտեմբերի 15-ին կայացավ լիտվացի արվեստաբան, գրող եւ դիվանագետ Յուրգիս Բալտրուշայտիսի «Արաքսի ափին գտնվող Ջուղան եւ նրա հուշարձանները» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Այն, ըստ News.am-ի, հրատարակվել է Տիգրան Կույումջյանի խմբագրությամբ:
Լիտվացի հեղինակի գրքում ներկայացված են հուշարձանների՝ Ջուղայի խաչքարերի եւ գերեզմանատների լուսանկարներ: Լրագրողների հետ զրույցում Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասն ուրախությամբ նշեց, որ այսպիսով իրականացավ իր երազանքը:
«Արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի մասին ես քիչ բան գիտեի: Տեսա, որ Հայաստանում նրա մասին ավելի քիչ գիտեն: Եվ շատ էի ցանկանում կազմակերպել այս միջոցառումը, քանի որ աշխարհում շատ քիչ լիտվացիներ կան, որոնք այդքան խորամուխ են եղել Հայաստանի պատմության մեջ»,- ընդգծեց դեսպանը:
Նրա խոսքով, շատ կարեւոր է, երբ երկու ազգերը, որոնք միասին դեռեւս միջնադարյան ժամանակներից, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միասին են նաեւ հիմա: «Իմ երազանքն է, որպեսզի երիտասարդները, հատկապես ճարտարապետության եւ արվեստի ոլորտի ուսանողները, իմանան այդ մարդու մասին, որը փաստացի միակ օտարերկրացին էր, որը կարողացել է լինել այդ վայրում եւ եզակի լուսանկարներ անել»,- հավելեց դիվանագետը: