«Մրցույթում հաղթող կամ պարտվող չկար, կար լիարժեք հաղթանակ»․ Տեր Առաքել քահանա Ամիրյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/153.jpg)
Դեկտեմբերի 13-ին Մոսկվայի «Հայորդյաց տան»՝ Հայոց պատմության ուսուցչուհի Աննա Թումանյանի սաները մրցեցին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ծավալված ազգային ազատագրական պայքարից ունեցած իրենց գիտելիքներով։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Մոսկվայի հայորդյաց տան տեղեկատվական կենտրոնից:
«Մարաթուկ» և «Արաբո» թիմերի ներկայացուցիչները ոչ միայն հնարավորինս ամբողջական ուսումնասիրել էին թեման, այլև փուլերից մեկում ներկայացրեցին այդ ժամանակահատվածում ստեղծված ֆիդայական երգերը։
Անչափ հետաքրքիր, ուսուցանող և ոգևորող մրցույթում մեկ քառորդ միավորի առավելությամբ հաղթող ճանաչվեց «Արաբո» թիմը, որի ավագ էդմոն Առաքելյանը՝ դիմելով ներկաներին, ասաց․ «Արդարության համար պետք է նշեմ, որ «Մարաթուկի» մեր ընկերները պատմությունից և ֆիդայական երգերից ավելի գիտակ են։ Պարզապես մեր բախտը մի քիչ բերեց։ Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս մրցույթում հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ ներկաները ցույց տվեցին, որ անգամ հայրենիքից դուրս շարունակում են լինել հայրենիի կրողը, ինչի համար պարտական ենք թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, դպրոցի տնօրենությանը և մեր սիրելի ուսուցչուհի Աննա Թումանյանին, ով ամեն ինչ անում է բանիմաց սաներ ունենալու համար»։
«Մարաթուկ» թիմի անդամ Արթուր Մաղաքյանն էլ հավելեց․ «Կարևոր չէ ով հաղթեց, ով պարտվեց։ Քանի որ մրցույթի և մասնակիցներիս գլխավոր նպատակն էր ցույց տալ, որ այսօր էլ ազգային ազատագրական պայքարն արդիական թեմա է»։
«Այս մրցույթում հաղթող կամ պարտվող չկար, կար լիարժեք հաղթանակ, քանի որ դուք ցույց տվեցիք, որ Հայ Առաքելական Եկեղեցու լիարժեք զավակներնեք, ովքեր ոչ միայն պատմության գիտակներ են, այլև իրենց նախնիների ոգու կրողներն են։ Այսօր մենք հաղթած ենք, քանի որ մեր զավակներն անգամ հայրենքից դուրս ապրում են հայրենիքում տեղի ունեցողով և հաղթական ապագայի տեսլականով։ Իսկ այդ ոգին պետք է փոխանցեքձեր կրտսեր դասընկներներին։ Սրբազան Հայրը ձեզ էր փոխանցում իր օհնությունը,որպեսզի դուք անդադար սերտեք մեր պատմությունը և դասեր քաղեք դրանից։ Շնորհակալությունս եմ ուզում հայտնել մեր վաստակաշատ ուսուցչուհի Աննա Թումանյանին, ով իր մեջ անբարած ոգին փոխանցել է ձեզ»,- դիմելով սաներին՝ ասաց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը։
Այնուհետև, Տեր Առաքել Ամիրյանն ու «Հայորդյաց տան» տնօրեն Հմայակ Գևորգյանը մրցող թիմերի անդամներին փոխանցեցին Սրբազան Հոր՝ պատմական տեղեկություններ պարունակող նվերները։