ՀՀ սփյուռքի նախարարությունն ամփոփում է.մշակութային տարի

ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թվականի մշակութային գործունեությունը բազմաբովանդակ էր ու հագեցած: Տեղի են ունեցել գրքերի շնորհանդեսներ, լուսանկարների, հագուստների ցուցադրություններ, սիրիահայերի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքներ, «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը, համերգային ծրագրեր և թատերական բեմականացումներ: Միջոցառումները նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մայրենիին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

«Հայերն այսօրը» ամփոփում է մշակութային կարևոր իրադարձությունները:

ՀՀ սփյուռքի նախարարությունը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մեծ շուքով նշեց Մայրենիի օրը: Այս առիթով փետրվարի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ տոնական համերգ:

Իսկ փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի գլխավորությամբ այցելեցին Օշական և ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին, ապա եկեղեցուն կից դպրատանը մասնակցեցին դպրատան աշակերտների և սիրիահայ մանուկների մասնակցությամբ Մայրենիի օրվան նվիրված բեմականացված հանդեսին: Օշականից հետո ներկաները այցելեցին Մատենադարան, որտեղ ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի հուշարձանին:

Mayrenii or

ՀՀ սփյուռքի նախարարությունը տոնում է Մայրենիի օրը

Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում փետրվարի 25-ին Սփյուռքի նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ՝ սիրիահայ պատանիներն ու աղջիկներն այցելեցին Անդրանիկ Օզանյանի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն:

Zoravar Andranik

Սիրիահայ աշակերտները

Մայիսի 4-ին Կամերային երաժշտության տանը կայացավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի համերգը, որը կրում էր «Կոմիտասի երկրում» խորագիրը: Դաշնակահարը հնչեցրեց Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։  Երեկոյի հատուկ հյուրն էր հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը, ով իր հոգեթով կատարումներով սիրով ու քնքշանքով լցրեց ներկաների  սրտերը:

Ճապոնացի դաշնակահարի կատարումները հնարավորություն ունեցավ ունկնդրելու նաև օտար հանդիսատեսը. սեպտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի ունեցավ Տակահիրո Ակիբայի մենահամերգը: Այն կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Ռուսաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ:

Takahiro

Տակահիրո Ակիբայի համերգը

Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի համար թերևս անմոռանալի կլինեն Հայաստանում մայիսի 26-ին մեկնարկած ռադիոժամի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը, որը կյանքի կոչվեց  ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ: Այս առիթով Ուրուգվայից Հայաստան էր ժամանել 50 հոգանոց պատվիրակություն: Պատվիրակությունը Ցեղասպանության հուշահամալիրի տարածքում գտնվող «Սփյուռքի այգում» մասնակցեց ծառատունկին և հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Նույն օրը Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած տոնական համերգի ընթացքում ելույթ ունեցան ճանաչված երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Էմմա Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Թովմաս Պողոսյանը, Սահակ Սահակյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» խումբը  և ուրիշներ:

Komitas Radio

Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի միջոցառումը

 Հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ազգային պարարվեստի միության նախաձեռնությամբ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվեց հայկական-ազգագրական պարի երեկո՝ նվիրված Լոս Անջելեսի «Ջանբազյան» պարի ակադեմիայի 75-ամյա հոբելյանին: Համերգի ժամանակ առաջին անգամ ներկայացվեց ժամանակակից բալետային արվեստի երկու ստեղծագործություն՝ «Հոգու գոհար» և «Քարահունջ» խորագրերով:

Հուլիսի 10-ին Սփյուռքի նախարարության, Հայաստանի Հանրային ռադիոյի և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպվեց Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի ««Արևիկի շողերը» համերգը: Կատարումներով հանդես եկան նաև երգչուհի Նունե Եսայանը և սիրիահայ փոքրիկները:

Օգոստոսի 5-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ սփյուռքահայ դաշնակահարներ Միքայել Հայրապետյանի (ՌԴ) և Րաֆֆի Պետրոսյանի (Կանադա) «Հայկական երաժշտության երեկո» խորագիրը կրող համերգը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը 2015 թվականի ընթացքում կազմակերպեց նաև ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով համերգային ծրագիրը՝ Ամերիկայի,  Կիպրոսի, Հունաստանի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի հայ համայնքներում:

Nune Yesayan

Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով համերգային ծրագիրը

Աշնանային մշակութային աննախադեպ իրադարձություն կարելի է համարել «Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր» ծրագրի կազմակերպումը, որով էլ մեկնարկեց  ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական մշակութային փառատոնը:

Հանդիսավոր բացումը սեպտեմբերի 24-ին էր՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Համերգային ծրագրով հանդես եկավ Ստամբուլի «Լուսավորիչ» երգչախումբը՝ Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ: Առաջին անգամ հնչեց պոլսահայ կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանի Հրանտ Դինքին նվիրված օրատորիան:

Համերգին  ներկա էր նաև Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը:

oratoriaaa

Ստամբուլի «Լուսավորիչ» երգչախումբը

«Ստամբուլի հայ համայնքի մշակութային օրեր» ծրագրի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Ստամբուլի  Եսայան Սանուց միության «Մարալ» երգի-պարի խմբի 35-ամյա հոբելյանին նվիրված տոնական համերգը: Ծրագրում ներկայացված էին ազգագրական, ռազմական, ինչպես նաև հարսանեկան պարեր և տարբեր գավառների պարանմուշներ, որոնք բեմադրել էր խմբի գեղարվեստական ղեկավար Կարպիս Չափքանը:

Maral,,

Ստամբուլի«Մարալ» երգի-պարի խումբը

Սեպտեմբերի 25-27-ը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության  «Երգում ենք Կոմիտաս» համահայկական մշակութային փառատոնը, որին մասնակցեց Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ:

Միջոցառումներին մասնակցեց 13 մենակատար՝ 9 երկրից և 10 երգչախումբ՝ 6 երկրից: Ելույթ ունեցան նաև օտար կատարողներ՝ Հորդանանի ազգային նվագախումբը՝ Հորդանանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Մուհամմեդ Օթմանի գլխավորությամբ, Ճապոնիայից՝ Ուլալա Ինոուեն և Ստոկհոլմից՝ Վիլլունդ Անն-Քրիստինե Օտիլիան:

Փառատոնի մասնակիցները սեպտեմբերի 25-ին նախ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապա Կոմիտասի անվան պանթեոն: Պանթեոնից հետո մասնակիցները շրջայց կատարեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Նույն օրը երեկոյան  Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի շքահամերգը:

Սեպտեմբերի 26-ին փառատոնի մասնակիցներն այցելեցին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի միջնակարագ դպրոց, ապա  ելույթ ունեցան Վանաձորի Շարա Տալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում:

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի հանդիսավոր փակումը, որտեղ ելույթ ունեցավՀայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:  Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի խմբավարությամբ հնչեցին  կոմիտասյան երգերի անզուգական կատարումներ:

KOMITAS

«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի մասնակիցները

Սեպտեմբերի 28-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կազմակերպվեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Չալդըր հայկական գյուղի «Զանգեր» երգչախմբի համերգը: Հնչեցին հայ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջան­յանի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր:

Հոկտեմբերի 17-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում կայացավ թուրք գրող Քեմալ Յալչընի՝ «Հոգիս ձեզմով կխայտայ» համանուն գրքի բեմականացումը՝ Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի կատարմամբ: Բեմականացման հեղինակը Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբի ղեկավար, դերասանուհի Կարինե Քոչարյանն է: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, ինքնությունը թաքցրած, իրենց կամքին հակառակ կրոնափոխ եղած հայերի պատմությունները:

Նոյեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվեց «Կոչեմ ապրողաց» խորագիրը կրող համերգը, որին մասնակցեցին սիրահայ և հայաստանցի երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ։ Համերգն իրականացվել էր «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության (ՃՃՀԱ) «Հայկական պար և հայկական ճարտարապետություն» միջոցառումը, որի շրջանակներում կայացավ ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի «Հայերեն խոսող հուշարձաններ» գրքի շնորհանդեսը:

2015 թվականին ՀՀ սփյուռքի նախարարությունը ուշադրության կենտրոնում էր պահել ցուցահանդեսների, ցուցադրությունների կազմակերպումը:

Փետրվարի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների՝ «Հալեպ.տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդեսը, որը  նվիրված էր ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին: Սիրիահայ երեխաների պատերազմական ապրումները արտացոլող ստեղծագործությունները ցուցադրվեցին նաև Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում:

Hrazdan Tokmajyan

«Հալեպ.տագնապալի օրեր» խորագրով ցուցահանդեսի բացումը

Մշակութային միջոցառումների շրջանակում կազմակերպվեցին նաև հագուստների ինքնատիպ ցուցադրություններ:

Ապրիլի 7-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ դիզայներ-նկարիչ Լիլիթ Մարգարյանի  «GALLERY 100» հավաքածուի ցուցադրություն, որ խոնարհման ու երախտիքի նվիրում էր  հայ կանանց:

Ապրիլի 20-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ պոլսահայ արվեստագետ Ժուլիա Մութլուի՝ «100 տարի–100 հայկական տարազ» համերգ-ցուցադրությունը, որտեղ ներկայացվեցին 1590-2015 թվականների հայ ժողովրդի տարբեր դասակարգերի և սեռերի տարազները: Միջոցառմանը աջակցել են Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը և «Վերդե» ՍՊԸ-ն:

Mutlu

Ժուլիա Մութլուի համերգ-ցուցադրությունը

Հունիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կայացավ նաև սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի “Shadoyan Fashion” նորաձևության տան «Վերածնունդ» հավաքածուի ցուցադրությունը: Համադրելով հայկական ազգային տարազի բաղադրիչները՝ դիզայները ստացել է հնի ու նորի յուրահատուկ համադրություն՝ նոր կյանք և շունչ հաղորդելով ազգային տարազներին:

Ապրիլի 22-23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գլոբալ ֆորումի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում ցուցադրվեցին լիբանանահայ  հանրաճանաչ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանի հինգ կոմպոզիցիոն ստեղծագործությունները:

Ապրիլի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում ցուցադրվեց եգիպտահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գառնիկ Սվազլյանի երգիծանկարները, ինչպես նաև կայացավ նրա ծննդյան 110-ամյակի միջոցառումը:

Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Հալեպի Հայ Կրթասիրաց մշակութային միության, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակներում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կայացավ Այնթապի ասեղնագործության եզակի նմուշների և Այնթապի հերոսամարտի դրվագները ներկայացնող լուսանկարների ցուցադրությունը:

Ayntap

«Այնթապի օրեր» ծրագրի շրջանակներում

«Հայ Արտ» մշակութային կենտրոնի «Վարդգես Խախամյան Բուզանդ» ԱՁ-ի նախաձեռնեությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Հայարտ» մշակութային կենտրոնում մայիսի 19-ին բացվեց «Արտ էքսպո» ցուցահանդեսը, որը Հայաստանում առաջին անգամ էր կազմակերպվում:  Ցուցահանդեսին ներկայացվեցին հայ և օտար նկարիչների ավելի քան 130 աշխատանքներ: «Արտ էքսպո» ցուցահանդեսի հեղինակներն էին Ռիտա Շառոյանը և Վարդգես Խախամյանը:

Հունիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ-­ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ՝ իրականացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ավանդական տոնավաճառը, որտեղ ներկայացվեց սիրիահայերի ձեռքով պատրաստված քաղցրավենիք, հուշանվերներ, զարդեր ու ձեռագործ այլ աշխատանքներ:

2015 թվականին Սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպվել են նաև սփյուռքահայ բանաստեղծների գրքերի շնորհանդեսներ:

Ներկայացվել են ՀԲԸՄ Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանի «Այնթապի ասեղնագործությունը»,  իրանահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Խաչիկ Խաչերի կողմից կազմված և թարգմանված  «Թռիչք Կռունկի հետ»  65 ժամանակակից հայ գրողների բանաստեղծությունների պարսկերեն անթոլոգիայի, ամերիկահայ բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի «Լինելիության համանվագ», «Կինը», «Ես կին եմ, ես կղզի»,  սիրիահայ գրող, երաժիշտ Ժան Վարդանի «Պոռթկում», ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» և «Չընդհատված Շահերազադե» գրքերը:

Sona Van

Սոնա Վանի գրքերի շնորհանդեսը

Հոկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հրատարակված «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուի շնորհանդեսը: Այս ժողովածուի պատրաստման հեղինակը Սամվել Հարոյանն է: 659 երգից բաղկացած երգարանում ընդգրկված են հայ երգարվեստի բոլոր ժանրերը:

Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ Հայաստանի գրողների միության մեծ դալիճում կազմակերպվեց պոլսահայ բանաստեղծ Զահրատի 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությունը:

azgayin grpan

«Ազգային երգարան գրպանի» ժողովածու

Shadoyan

Գևորգ Շադոյանի հավաքածուի ցուցադրությունը

tonavachar

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով ավանդական տոնավաճառը

Scroll Up